Արմավիրի մարզի Արգինա գյուղում Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսներին նվիրված հուշաղբյուր է կանգնեցվել
Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսներ Անդրանիկ Գրիգորյանի, Գնել Ֆիդանյանի և Եղիշե Մարգարյանի հիշատակին հոկտեմբերի 6-ին նրանց ծննդավայրում՝ Արմավիրի մարզի Արգինա գյուղում հուշաղբյուր է կանգնեցվել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը մասնակցել են ոչ միայն գյուղի բնակիչները, այլև հերոսների զինակից ընկերներն ու հարազատները:
Անդրանիկ Գրիգորյանը զոհվել է 2020-ի հոկտեմբերի 6-ին Ջրականում: Նրա եղբայրը՝ Գևորգ Գրիգորյանը պատերազմ է մեկնել սեպտեմբերի 28-ին, Անդրանիկը սեպտեմբերի 30-ին գնացել է նրա հետևից, թեև հարազատները նրան հետ պահելու բազում փորձեր են արել:
Անդրանիկը Մանկավարժական համալսարանի շրջանավարտ էր, նկարիչ. նշանված էր: Նրանց տան պատերը, բակը Անդրանիկի ձեռքերի դրոշմն են կրում: Անդրանիկն իր ուզածով, իր ճաշակով էր կառուցել հայրական տան մուտքը, սենյակները ձևավորել իր կտավներով:
Անդրանիկը պետք է շարունակեր արվեստով զբաղվել, բայց նրա վրձնի գործը հետմահու ցուցադրվել է Էջմիածնում: Երեք հերոսները հանգչում են Թուրքիայի սահմանին շատ մոտ՝ Արգինայի գերեզմանատանը: