211652_close_icon
views-count1438 դիտում article-date 16:12 02-10-2021

ՊԵԿ-ում անցկացվել է վերապատրաստման դասընթաց՝ բեռնարկղերի վերահսկողության ծրագրի իրականացման շրջանակում

Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնում անցկացվել է վերապատրաստման դասընթաց` ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի և Համաշխարհային մաքսային կազմակերպության Բեռնարկղերի վերահսկողության ծրագրի շրջանակում։
Վերապատրաստման դասընթացին մասնակցել են ինչպես պետական եկամուտների կոմիտեի, այնպես էլ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ։ Դասընթացի նպատակն էր համատեղ վերահսկման ստորաբաժանման ձևավորմանն ու դրա կարողությունների զարգացմանն ուղղված հարցերի քննարկումը:

Հունիսի 16-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրով Հայաստանը միացել է Բեռնարկղերի վերահսկողության ծրագրին, որի շրջանակում նախատեսվում է ստեղծել ծրագրում ներգրավված իրավապահ մարմինների ներկայացուցիչներից կազմված Համատեղ վերահսկման ստորաբաժանում։

Բեռնարկղերի վերահսկողության ծրագիրը նախատեսում է ՄԱԿ և ՀՄԿ կողմից համատեղ մշակված հատուկ հավելվածի ներդրում, որն իրենից ներկայացնում է լիազորված մուտք ունեցողների համար օպերատիվ-տեղեկատվական հարթակ՝ ռիսկի բարձր ցուցանիշներ ունեցող բեռնարկղերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու և ուղարկելու նպատակով:

Ծրագիրը համատեղում է անդամ պետության իրավապահ մարմինների կարողություններն ու գործողությունները՝ ուժեղացնելու համար բեռնափոխադրումների նկատմամբ վերահսկողությունը, բարելավվելու համար տեղեկությունների համակարգման և վերլուծության ընթացակարգերը՝ գործողությունների կրկնություններից, ավելորդ վարչարարության կիրառումից խուսափելու և բեռնափոխադրման գործընթացների նկատմամբ վերահսկողությունը միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան իրականացնելու նպատակով:

Նմանատիպ նյութեր