211652_close_icon
views-count11099 դիտում article-date 22:06 01-10-2021

Երևանի բուսաբանական այգում կհիմնվի Արցախյան ազատամարտի ամբողջ ընթացքում զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակ. կտնկվի շուրջ 14 հազար ծառ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի բուսաբանական այգում կհիմնվի Արցախյան ազատամարտի ամբողջ ընթացքում զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակ: 30 հեկտար տարածքում կտնկվի շուրջ 14 հազար ծառ: Մի խումբ երիտասարդների ու զոհված զինծառայողների ծնողների՝ իրարից անկախ ծնված գաղափարը միավորեց նրանց նախագծի շուրջ:

«Դեռ 2020-ի դեկտեմբերից մտածում էինք այս գաղափարի շուրջ, քանի որ հասկանում էինք, որ գալու է մի պահ, երբ ինչոր մեկը կունենա գումար իր որդու հուշարձանը կառուցելու համար, մյուսը՝ ոչ»,- պատմում է նախաձեռնող խմբի անդամ Նիկոլայ Թորոսյանը:

«Ընդհանուր քննարկումներից հասկացանք, որ ամենալավ գաղափարը կյանքի պուրակ ստեղծելն էԿարծում եմ, հիշատակը հավերժացնելու ամենալավ ձևն է, բացի այդ քաղաքի համար կստեղծվի նոր կանաչ գոտի»,- նշում է նախաձեռնող խմբի անդամ Արմեն Հակոբյանը:

«Խաչքար էլ ունենք, գերեզմանոց էլ, սա պետք է տարբերվի, լրիվ ուրիշ գաղափար է, կյանքը շարունակելու, խաղաղության պուրակ»,- ասում է զոհված Դավիթ Խաչատրյանի հայրը՝ Կարեն Խաչատրյանը:

Գաղափարին Երևանի քաղաքապետարանն արձագանքեց անմիջապես։ Քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ ստեղծվեց աշխատանքային խումբ։ Պետք էր պուրակի համար ճիշտ տեղ ընտրել: Սա հերթական նախագիծը չէր. խորհրդին համահունչ հասցե էր պետք գտնել.
«Մենք ի սկզբանե քննարկում էինք 44 օրյա պատերազմի զոհվածների հիշատակը հավերժացող նախագծի մասին, բայց Կառավարությունից առաջարկ եղավ այն նվիրել Արցախյան բոլոր ազատմարտերում զոհվածների հիշատակին: Մեզ անհրաժեշտ էր մեծ տարածք, արդյունքում որոշեցինք ընտրել բուսաբանական այգին: Դա հնարավորություն կտա վերակենդանացնել տարածքը»,- նշում է Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը:

Այգու ձախակողմյան բլուրը, որտեղ կհիմնվի անտառ-պուրակը, այսօր անխնամ ու ամայի է: Ոռոգման ցանցի բացակայությունն ու հրդեհներն այստեղ բուսականություն գրեթե չեն թողել:
«Երբ ընտրվեց տարածքը, արեցինք էսքիզ: Ճանապարհը ոլորապտույտներով կբարձրանա դեպի գագաթ, որտեղ կլինեն ջրային ավազաններ և խորհրդանշող ծառ կամ հուշարձան: Ենթադրում ենք, որ նաև հեծանվուղի և վազքուղի կլինի:
Արահետների միջև կլինեն կապող ճանապարհներ, տեղ-տեղ լայնացումներ, որտեղ նստարաններ կդրվեն: Մենք պատկերացնում ենք լուսավոր անտառ-պուրակ, որը տխրության վայր չի լինի, ապրեցնող անտառ՝ առանց ավելորդությունների»,- նշում է նախաձեռնող խմբի անդամ, ճարտարապետ Հայկ Զալիբեկյանը:

«Ամենակարևոր ծառատեսակը սոսին է, որը թելադրելու է ամբողջ ձևավորումը: Շատ պատճառ կա՝ երկարակեցություն, բացի այդ Արցախի խորհրդանիշ է, իսկ սաղարթին նայելիս բնի հատվածը զինվորական հագուստ է հիշեցնում: Բացի դրանից, այստեղ կլինեն գեղազարդ, ծաղկող, պտղաբերող ծառեր»,- ասում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը:

«400 թեղիատերև սոիսին է, որը բերվել է Իտալիայից: Քանի դեռ պուրակը պատրստ չէ, ծառերը պետք է այստեղ խնամենք, որից հետո կվերատնկենք պուրակում»,- նշում է բուսաբանական այգու տնօրեն Անահիտ Ղուկասյանը:

Այժմ մասնագետները զբաղված են նախագծմամբ: Կյանքի պուրակի հիմքը կդրվի արդեն հաջորդ տարի: Բարեկարգման ու կանաչապատման աշխատանքները կտևեն մի քանի տարի: Պուրակում առաջնահերթ պետք է անցկացվի  ոռոգման ցանց, լուծվի նաև արտաքին լուսավորության հարցը:

«Սկզբում որոշել էինք նախագիծը  մասնակցային անել, հետո համայնքն ու կառավորությունը վերցրեցին իրենց վրա»,- ասում է Նիկոլայ Թորոսյանը:
«Քանի որ բավական մեծ և հավակնոտ նախագիծ է, ցանկություն կար կառավարության կողմից ֆինանսավորելու: Այս պահին շրջանառվում է ֆինանսավորման նախագիծը, երբ պատրաստ լինի անտառ-պուրակի նախագիծը կսկսեն բուն աշխատանքները»,-ընդգծում է Գայանե Մելքոմ Մելքոմյանը:

Պուրակն իր շուրջը կհավաքի տարածքին ու գաղափարին համահունչ կյանքի շարունակությունը խորհրդանշող հուշարձանը, որի լուծումները կտան մասնագետները:
«Թե՛ գիտելիք, թե՛ հոգի և թե՛ փորձմարդիկ, ովքեր աշխատում են՝ ապրում են դրանով ու մաքսիմալը ներդնում են»,- ասում է Հայկ Զալիբեկյանը:
«
Պահանջ կար ինչոր բան անել: Ես միշտ պասիվ մարդ եմ եղել, բայց այս անգամ որոշեցի որ մասնակցություն ունենամ»,- նկատում է Նիկոլայ Թորոսյանը:
«
Մարդիկ պետք է շարունակեն ապրեն ու իմաստը հենց դրա մեջ է»,- նշում է  Արմեն Հակոբյանը:
  
Կից՝ տեսանյութի հղումը.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր