ՄԻՊ ներկայացուցչի կողմից մշակվել է ՔԿՀ-ներում առողջապահությանն առնչվող առանձնահատուկ խնդիրների վերաբերյալ վերապատրաստման ձեռնարկ միջին բուժանձնակազմի համար
ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ բժիշկ Լաուրա Գասպարյանի կողմից մշակվել է վերապատրաստման ձեռնարկ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի միջին բուժանձնակազմի համար քրեակատարողական հիմնարկներում առողջապահության առնչվող առանձնահատուկ խնդիրների վերաբերյալ:
Ձեռնարկը պատրաստվել է Եվրոպայի խորհրդի «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի շրջանակներում։
Ձեռնարկում առանձնահատուկ անդրադարձ է կատարվել քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց սննդից հրաժարվելու դեպքերի վարմանը, հոգեբուժական օգնության և սպասարկման տրամադրմանը, բժշկական էթիկային և պացիենտների խնամքին:
Ձեռնարկը ներառում է նաև երկօրյա վերապատրաստումների անցկացման մեթոդաբանություն և օրակարգ, որով նախատեսվում է առաջիկայում իրականացնել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի միջին բուժանձնակազմի վերապատրաստում։