211652_close_icon
views-count2157 դիտում article-date 21:18 18-09-2021

Մեր մտածելակերպը սխալ է, մենք պետք է փոխենք ինքներս մեզ, աշխարհի հանդեպ մեր հայացքը. Արմեն Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 18-ին Շամոնիում ամենամյա Մտքերի գագաթնաժողովի (Summit of Minds) շրջանակում մասնակցել է «Աշխարհաքաղաքականություն. ո՞ւր է շարժվում աշխարհը» խորագրով պլենար քննարկմանը։

Որպես գլխավոր բանախոս՝ նախագահ Սարգսյանն իր խոսքում անդրադարձել է ժամանակակից աշխարհի մարտահրավերներին։ Այդ համատեքստում խոսելով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասին, նախագահն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում՝ հայկական Արցախում հայերը պատմականորեն ապրել են հազարավոր տարիներ։ «Եթե գնաք Ղարաբաղ, կգտնեք 4-րդ, 5-րդ դարի եկեղեցիներ,- ասել է Հայաստանի նախագահը։ - Հայերը առաջինն էին, որ ընդունեցին քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Մենք, մեղմ ասած, ոչ հաճելի պատմություն ունենք այդ հուշարձանների ճակատագրի հետ կապված։Եվ այսօր մենք դիմում ենք միջազգային հանրությանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ մտահոգ այդ կրոնական, մշակութային հուշարձանների ճակատագրով»։

Նախագահ Սարգսյանը գագաթնաժողովի մասնակիցներին մանրամասն ներկայացրել է Արցախի պատմությունն ու հակամարտության ծագման պատճառները, թե ինչպես ԽՍՀՄ կուսակցական ղեկավարությունը 20-րդ դարասկզբին Հայաստանին պատմականորեն պատկանող տարածքը տվեց Ադրբեջանին։ Հայաստանի նախագահը նշել է, որ խորհրդային ավելի քան 70 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը մշտապես ձգտել է ազատության և անկախության, 1991-ին հռչակել այն, այնուհետև 1994֊ին հաղթել Ադրբեջանի հրահրած Ղարաբաղյան առաջին պատերազմում։

Նախագահ Սարգսյանը հիշեցրել է, որ հակամարտության կարգավորման նպատակով միջազգային հանրության ջանքերով ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, որում ընդգրկվել են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան։ Համանախագահող երկրները աջակցում էին խնդրի խաղաղ լուծման գործընթացին։

«2020-ին Ղարաբաղի և Ադրբեջանի միջև պատերազմ սկսվեց։ Սա բոլորովին ուրիշ պատերազմ էր։ Երբ պատերազմը սկսվեց, Ադրբեջանը մեծ առավելություն ուներ։ Նրանք գազատարներ և նավթատարներ ունեն, ահռելի ներդրումներ էին արել ռազմական ոլորտում։ Հայերը կռվում էին շատ ավելի առաջատար տեխնոլոգիաների, ռազմական սարքավորումների դեմ, ինչպես նաև Թուրքիայի ամբողջական ներգրավվածությամբ։ Այստեղ նոր իրավիճակ էր, երբ համանախագահները ոչինչ չէին կարող անել։ Այս պատերազմը ի ցույց դրեց փոփոխվող աշխարհը, -ասել է Հայաստանի նախագահը։ -Սա է կյանքի իրականությունը, որը փոփոխված տարածաշրջանն ու աշխարհաքաղաքականությունն է»։

Նշելով, որ Հայաստանը խիզախորեն 44 օր պայքարել է Ադրբեջանի և Թուրքիայի դեմ, նախագահ Սարգսյանն ասել է, որ պետք է ոտքի կանգնել և շարունակել ամրանալ։ «Այս աշխարհը շարունակվում է փոխվել, և մենք պետք է ուժեղ պետություն կառուցենք, որը պետք է հիմնված լինի՝ աշխարհաքաղաքականության փոփոխությունը հասկանալու վրա, -նշել է Արմեն Սարգսյանը։ -Եթե դու չհասկանաս և ուշանաս, ապա կպարտվես մյուս ճակատամարտերում ևս՝ լինի դա տնտեսության, փոխադրումների, թե գիտության ոլորտներում։ Հայաստանը փոքր պետություն է, սակայն համաշխարհային ազգ: Այս նոր աշխարհում, որը անվանում եմ քվանտային, դու առավելություն ունես և դու կարող ես կառուցել փոքր և ուժեղ պետություն, եթե ներգրավես նաև Սփյուռքին»։

«Այդ դեպքում կարող ես ունենալ 15 մլն բնակչություն, ժամանակակից պետություն՝ տեղակայված ողջ աշխարհով մեկ, որը կարող է օգնել քեզ տեխնոլոգիաներով, գաղափարներով, -նշել է նախագահը։ - Վաղը հաջողություն ունենալու համար պետք է հասկանալ, որ աշխարհը փոխվել է՝ աշխարհաքաղաքական տեսանկյունից և շատ ավելի խորը ձևով: Մենք պետք է հիմնովին փոխենք մեր դիտակետը, ըմբռնումը:

Հասկանալու համար, թե ինչ է կատարվում, պետք է մի կողմ դնենք մեր դասական մտածելակերպը և գտնենք նոր մոդել, նոր փիլիսոփայություն:

Մենք ունենք գերփոխկապակցված աշխարհ: Եվ մեր փոխկապվածությունը լույսի արագություն ունի: Նոր, քվանտային աշխարհում մենք բոլորս մասնիկներ ենք: Սա մեզ համար անկանխատեսելի է: Մեր մտածելակերպը սխալ է, մենք պետք է փոխենք ինքներս մեզ, աշխարհի հանդեպ մեր հայացքը:

Կան մի քանի կարևոր կատեգորիաներ, որոնցում մենք ապրում ենք: Դրանցից մեկը կանվանեմ ասիմետրիա: Աշխարհում այսօր պատերազմում են ոչ միայն անօդաչուներով, այլև կիբեր հարձակումների միջոցով: Այդ կիբերպատերազմներն ասիմետրիկ են։ Չկա աշխարհաքաղաքական սիմետրիա պետությունների միջև պատերազմում։

Անհատների պատճառով աշխարհը ասիմետրիկ է դարձել՝ չափսերով, ազդեցության տեսանակյունից:

Դասական աշխարհում ժողովրդավարությունը մեզ ամեն 5 տարին մեկ տանում է քվեարկելու, ստեղծվում է կառավարություն: Սակայն շատ երկրներում, այդ թվում և իմ երկրում, ժողովրդավարությունը չունի զսպման մեխանիզմներ: Ավելին, հիմա կարող ես քո տեսակետը հայտնել ամեն օր, ամեն րոպե, ամեն ժամ, այսինքն, ապրում ենք ամենօրյա ժողովրդավարության ռեժիմում: Այսօր աշխարհում անհատները կարող են իրենց գաղափարները հայտնել այն ամենի վերաբերյալ, ինչ ասում են նախագահը, վարչապետը, պատգամավորները»:

Նախագահ Սարգսյանը համավարակը նույնպես համարել է փոփոխվող աշխարհի հետևանքը․ «Աշխարհը չի փոխվել կորոնավիրուսի պատճառով, աշխարհը փոփոխությունների գործընթացում էր, այդ պատճառով կորոնավիրուսը տեղի ունեցավ այնպես, ինչպես եղավ: Նույն վիրուսը տարիներ առաջ այլ կերպ էր դրսևորվում, սակայն հիմա մենք խիստ փոխկապակցված ենք։ Կորոնավիրուսը փոփոխությունների պատճառը չէ, այլ հետևանքը, դրա արագացուցիչը»:

Հայաստանի նախագահի խոսքով՝ քվանտային աշխարհում մենք պետք է վերաբացահայտենք ինստիտուտները, արժեքները և ժողովրդավարական մոդելները.

Ավարտելով խոսքը՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Շատ ուրախ կլինեմ օգտագործել այս հնարավորությունը հրավիրելու ձեզ Դիլիջանում՝ Հայաստանում կայանալիք «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին, որտեղ փորձելու ենք ոչ միայն նախանշել խնդիրները, այլև խոսել հնարավոր լուծումները գտնելու մասին»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր