211652_close_icon
views-count5488 դիտում article-date 18:38 07-10-2014

Պետք է փոխենք ֆուտբոլիստների մտածելակերպը. «Արարատ»-ի գլխավոր մարզիչ

«Արարատի» նոր գլխավոր մարզիչ Սամվել Դարբինյանը ծավալուն հարցազրույց է տվել երևանյան ակումբի պաշտոնական կայքին: Փորձառու մասնագետը կիսվել է առաջին տպավորություններով և պատմել է իր նպատակների մասին: [b]Բարի վերադարձ, պարոն Դարբինյան: Ինչպե՞ս առաջացավ «Արարատը» գլխավորելու տարբերակը:[/b] Շնորհակալություն: Ակումբի ղեկավարությունը առաջարկեց ստանձնել թիմի ղեկը, իսկ ես սիրով համաձայնեցի: [b]Ձեր նախորդ ակումբն էր Իրանի «Գիթի Փասանդը»: Ինչպե՞ս դասավորվեց Ձեզ համար կարիերայի հերթական իրանական փուլը:[/b] Բավականին հաջող: Ես ընդունեցի «Գիթի Փասանդը», որն այդ պահին ելույթ էր ունենում Իրանի Երկրորդ խմբում: Ղեկավարության կողմից նպատակ էր դրվել նվաճել Առաջին խմբի ուղեգիր: Հաջողվեց կատարել այդ խնդիրը: Հաջորդ տարի մինչև վերջին տուրը պայքարում էինք Բարձրագույն խմբում հայտնվելու համար, սակայն ի վերջո դա մեզ անել չհաջողվեց. Թիմը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: Նշեմ, որ այս ընթացքում հաջողվեց բավականին լավ թիմ ստեղծել: [b]Մինչև թիմը գլխավորելը դիտե՞լ էիք արդյոք «Արարատի» մասնակցությամբ հանդիպումներ ընթացիկ մրցաշրջանում:[/b] Ընդամենը մեկ հանդիպում էի դիտել: Խոսքը «Բանանցի» հետ արտագնա խաղի մասին է: [b]Արդեն հասցրե՞լ եք ծանոթանալ ֆուտբոլիստների կարողություններին և թիմի հնարավորություններին:[/b] Այս գործընթացն ընթացքի մեջ է: Մարզումների և աշխատանքի միջոցով աստիճանաբար ծանոթանում եմ ֆուտբոլիստներին և թիմին: Տպավորությունները դրական են: [b]«Արարատում» խաղում են բազմաթիվ արտասահմանցի ֆուտբոլիստներ: Արդյո՞ք հեշտ է նրանց հետ ընդհանուր լեզու գտնել:[/b] Ինչպես «Երևանում», այնպես էլ` «Փյունիկում», որոնք ես տարբեր տարիներին գլխավորել եմ, խաղացել են բազմաթիվ արտասահմանցի ֆուտբոլիստներ: Երկու թիմերի հետ էլ հաջողվեց նվաճել չեմպիոնի տիտղոսը: Բացի այդ, մի քանի տարի շարունակ աշխատել եմ արտասահմանում` Իրանում և Լիբանանում: Այնպես որ, այդ առումով ոչ մի խնդիր չեմ տեսնում: Կարող եմ ասել, որ հետաքրքիր է արտասահմանցի ֆուտբոլիստների հետ աշխատելը: [b]Մի փոքր խոսենք «Ալաշկերտի» և «Շիրակի» հետ խաղերի մասին:[/b] «Ալաշկերտի» հետ խաղում բավականին գրագետ գործեցինք: Համբերատար պաշտպանվում էինք և գործում էինք հակագրոհների մարտավարությամբ, որոնցից մեկն էլ մեզ հաղթանակ պարգևեց: «Շիրակի» հետ խաղում ականատես եղանք երկու տարբեր խաղակեսերի: Բաց թողած ոչ պարտադիր գոլերի արդյունքում տղաները մի փոքր ընկճվեցին: Սակայն, կարող եմ գովեստի խոսքեր ասել նրանց հասցեին: Երկրորդ խաղակեսում մեր ֆուտբոլիստները լիովին կատարեցին ընդմիջմանը իրենց տրված առաջադրանքը և համարձակ գործողությունների շնորհիվ փոխեցին խաղի ընթացքը: Ամեն դեպքում, ցավալի պարտություն էր: [b]«Շիրակի» հետ խաղից հետո նշեցիք, որ «Արարատում» լավ ֆուտբոլիստներ են հավաքված, որոնց հետ Դուք հաճույքով եք աշխատում:[/b] Այո, բավականին լավ կազմ է հավաքվել: Պետք է կարողանանք թիմ ստեղծել, որովհետև անհատների լավ խաղը հաջողություն չի երաշխավորում: Կձգտենք բացահայտել ֆուտբոլիստների ամբողջ ներուժը: [b]Ինչպիսի՞ նպատակներ են դրվել Ձեր առջև:[/b] Իմ նպատակն է ստեղծել մարտունակ թիմ, որը համարձակ, արագ և գեղեցիկ ֆուտբոլ կցուցադրի, ինչպես նաև կհայտնվի բարձր հորիզոնականներում: Արագաուժային խաղը ժամանակակից ֆուտբոլի գլխավոր պահանջն է: Պետք է փոխենք ֆուտբոլիստների մտածելակերպը, որպեսզի նրանք հավատան սեփական ուժերին և հասկանան, որ իրենցից շատ բան է կախված: Հուսով եմ, մեր խաղը կնպաստի նրան, որ կավելանա «Արարատի» երկրպագուների քանակը, որոնք կսկսեն հաճույքով այցելել մարզադաշտ` որակյալ ֆուտբոլ դիտելու ակնկալիքով: Ֆուտբոլը հանդիսատեսի համար է: Լավ խաղն էլ իր հերթին կհանգեցնի դրական արդյունքների: [b]Ինչպե՞ս եք նախատեսում օգտագործել առաջնությունում հայտարարված երկշաբաթյա ընդմիջումը:[/b] Ընդմիջումը հնարավորություն կընձեռնի ավելի լավ ծանոթանալ թիմին: Կաշխատենք շտկել թիմի խաղում առկա բացթողումները և բարելավել ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստվածությունը: [b]Հաջողություն և բազմաթիվ հաղթանակներ ենք մաղթում Ձեզ «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնում:[/b] Շնորհակալություն:

Նմանատիպ նյութեր