211652_close_icon
views-count70342 դիտում article-date 16:46 16-09-2021

Խոշոր հրդեհ Արմավիրի մարզում Վանանդ գյուղում գործող «Նոյան» գործարանում առաջացած կրակն ու հրդեհը տեսանելի է մի քանի կիլոմետրից. հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն  1 ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից  3 մարտական հաշվարկ Արմավիրի մարզի Վանանդ գյուղում գործող «Նոյան»  պահածոների գործարանի աշխատակիցների, ինչպես նաև ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների հետ պայքարում են գործարանում առաջացած խոշոր հրդեհի դեմ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռևս անհայտ հանգամանքներում գործարանի մի հատվածում հրդեհ է բռնկվել և ծուխն ու կրակն անգամ տեսանելի է մի քանի կիլոմետրից:

Հրշեջները գործարանի աշխատակիցների հետ, վտանգելով իրենց կյանքը, կարծես թե կարողացել են կանխել կրակի տարածումը ու հիմա պայքարում են կրակի մարման դեմ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանության Բաղրամյանի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Նշան Հախնազարյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արարատ Ավագյանի և անձնակազմի գծով տեղակալ Մնացական Մնացականյանի գլխավորությամբ:

Գործարանից դուրս ուժեղացված ծառայություն են կատարում նույն բաժնի մի քանի աշխատակիցներ՝  բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Մնացական Կուդիևի գլխավորությամբ, որպեսզի քաղաքացիները չմտնեն տարածք և հրշեջները կարողանան առանց խոչընդոտի աշխատեն:

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  գործարանը հրդեհի հետևանքով  կրել է խոշոր չափի նյութական վնաս:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գևորգ Ղազարյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր