211652_close_icon
views-count3924 դիտում article-date 14:04 16-09-2021

Նոր նախագիծ. Ամանորին ոչ աշխատանքային կլինեն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և հունվարի 6-ը

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի փոփոխություններին, որով սահմանվում է, որ Ամանորի տոներից ոչ աշխատանքային են լինելու դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը ներառյալ և հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ և Հայտնություն):

Նշենք, որ այսօր գործող օրենքով ոչ աշխատանքային էին նաեւ հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը  և 7-ը: Նոր օրենքով, դրանք կլինեն աշխատանքային:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս  ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը գերազանցում է շատ զարգացած և առավել ևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թվին։

Տոն և հանգստյան օրերը, պայմանավորված ոչ աշխատանքային լինելու հանգամանքով, իրենց ազդեցություն են թողնում  ինչպես համախառն ներքին արդյունքի, այնպես էլ տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի (ծառայությունների) թողարկման ծավալների վրա, արտաքին տնտեսական գործունեության (արտահանման և ներմուծման ծավալներ) իրականացման վրա, ինչպես նաև տեղական և օտարերկյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման վրա։

Տնտեսության հիմնական ճյուղերի (արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն, առևտուր և ծառայություններ) 2015-2020թթ․ հունվար ամսվա և համախառն ներքին արդյունքի 2015-2019թ․թ․ 1-ին եռամսյակի տվյալների հիման վրա հաշվարկվել է նշված ցուցանիշների միջին օրական թողարկման ծավալը, որի հիման վրա հաշվարկվել է լրացուցիչ 5 աշխատանքային օրերի գնահատվող թողարկման ծավալները։

Նմանատիպ նյութեր