211652_close_icon
views-count1754 դիտում article-date 10:30 16-09-2021

Կամա՞, թե՞ ակամա․ հասարակության հանդեպ անհարգալից վերաբերմունքը մեզանում նոր չէ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Այսօր շատերն են հարց տալիս` այն ամենը, ինչ ասում-անում են իշխանության ներկայացուցիչները, ծրագրվա՞ծ է, գիտակցվա՞ծ է, թե՞ ուզում են, որ լավ լինի, բայց ստացվում է՝ ինչպես միշտ: Ասենք, ադրբեջանական տեղանուններն օգտագործում են, ապա ոչ թե ներողություն են խնդրում` հանրության ազգային զգացումները վիրավորելու համար, եւ ոչ թե հրաժարվում են դա կրկնելուց, այլ համառորեն պնդում են իրենց սխալը:

Ավելին` վարչապետին երկրորդում է ԱԱԾ ծանրակշիռ կառույցը, ապա ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահը: Ի վերջո` սա ի՞նչ է. սեփական սխալը չընդունելու համառությո՞ւն, հասարակությանն ի հեճուկս գնալու գործելաո՞ճ, թե՞ ադրբեջանական քաղաքականությանը մատուցվող հստակ մշակված ծառայություն: Կամ` երբ ԱԺ նախագահը հայտարարում է, որ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին հայտարարությունները հորինված են, դա ի՞նչ է` լեզվի սայթաքո՞ւմ, թե՞ միտումնավոր ասված խոսք, որն օվերտոնի պատուհանով, անկախ հանրային բուռն հակազդեցությունից, իր որոշակի դերակատարումն ունենալու է:

Կամ երբ ՀՀ վարչապետը սահմանների ու Սյունիքում ստեղծված վիճակի մասին հարցին պատասխանելով, հարյուրերորդ անգամ խոսում է 2010 թվականի վարչատարածքային բաժանման օրենքի մասին, որն ընդունվել է նախկինների օրոք, եւ այսօրվա վիճակի մեղքը դնում է այդ խեղճուկրակ օրենքի վրա, ինչին մի հազար անգամ մարդիկ տարբեր կերպ արձագանքել են` հերքելով, ծաղրելով, զարմանալով, դա ինչո՞ւ է շարունակում անել. որովհետեւ բազմիցս կրկնված ստին վերջում արդեն անգամ սուտը հորինո՞ղն է սկսում հավատալ, թե՞ հույս ունի, որ իրեն մարդիկ լսում են, իսկ հերքող փաստարկները չեն լսում: Թեեւ, անշուշտ, հասարակության հանդեպ նման անհարգալից վերաբերմունքը մեզանում նոր չէ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր