211652_close_icon
views-count1407 դիտում article-date 18:14 14-09-2021

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության հեռագնա նիստում քննարկվել են կորոնավիրուսի դեմ պատվաստումներին և թեստավորմանն առնչվող խնդիրներ

Շարունակվող կորոնավիրուսային համավարակի պայմաններում տնտեսվարության պատշաճ կազմակերպման, վարակի տարածման դեմ անհարժեշտ կանխարգելիչ միջոցառումներին, հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող՝ ՀՀ առողջապահության նախարարի 2021թ. օգոստոսի 20-ի թիվ 65-Ն հրամանի գործնականում կիրառության խնդիրներին առնչվող հարցեր քննարկվեցին    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության սեպտեմբերի 13-ին կայացած հեռագնա նիստում։

Ընդհանուր իրավիճակը ներկայացրեց ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը՝ արտահայտելով հանրապետության գործարարների մոտեցումները։ «Գործարար շրջանակներում տեսակետներն ամենատարբեր են. ոմանք կարծում են, որ իրավիճակի կարգավորման համար հարկ է առավել խիստ պահանջներ դնել, իսկ մյուսները գտնում են, որ առաջադրված քայլերը կիրառման և իրավական առումով խնդիրներ կարող են առաջացնել։ Ուստի կարիք կա հանգամանալի վերլուծելու իրավիճակը, քննարկելու մասնագետների մոտեցումները՝ անհրաժեշտ գործնական քայլեր մշակելու նպատակով»,- նշեց Միության նախագահը։
Նիստի մասնակիցներին ներկայացվեց կորոնավիրուսի դեմ պատվաստումը խրախուսելու նպատակով տարբեր երկրների կողմից ձեռնարկված միջոցառումների մասին ՀԱԳՄ փորձագետների կազմած տեղեկանքը, որին հաջորդեց բուռն քննարկում։  

Գործարարները ներկայացրեցին այն նախապատրաստական քայլերը, որոնք իրականացնում են հոկտեմբերի 1-ից գործող պահանջների ապահովման ուղղությամբ՝ բացատրական աշխատանք աշխատակիցների շրջանում, ՊՇՌ հետազոտության անցկացման նպաստավոր պայմանների ստեղծում, դրա հետ կապված ծախսերի փոխհատուցում և այլն։
Բարձրաձայնվեցին այն հնարավոր խնդիրները, որոնց հետ կբախվեն գործարարները՝ իրավական հիմնավորումներ, արտադրական գործընթացների խաթարում, սպասարկման ոլորտում սպասվող բարդություններ, կադրերի արտահոսք։ Մտահոգություն հնչեց, թե արդյոք հանրապետությունում առկա լաբորատորիաները կկարողանա՞ն միանգամից սպասարկել ակնկալվող մեծ թվով մարդկանց։  Հստակության կարիք ունեն նաև առաջարկվող կանոնակարգման գործունեության ժամկետները։ 

Նիստի մասնակիցները ներկայացրեցին իրավիճակի կարգավորման իրենց առաջարկները։
ՀԱԳՄ նախագահության նիստին հրավիրված էին նաև ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետներ, ովքեր ներկայացրեցին իրենց կառույցի վերահսկողական գործառույթներն ու գործիքակազմը, պատասխանեցին ներկաներին հուզող հարցերին։

Միության նախագահ Արսեն Ղազարյանն անդրադարձավ ՀԱԳՄ կողմից վերջին ամիսներին ծավալած գործունեությանը։ Նա գոհունակությամբ արձանագրեց ՀՀ ֆինասների նախարարի  հետ ձեռք բերված ամենամսյա հանդիպումներ ունենալու պայմանավորվածությունը, որոնց իրենց մասնակցությունը կունենան նաև տնտեսության համար պատասխանատու այլ պետական գերատեսչությունների ղեկավարներն ու մասնագետները։
 

Նմանատիպ նյութեր