ՄՕԿ-ը Հյուս. Կորեային հեռացրել է մինչև 2022 թվականի ավարտը
Տեղի է ունեցել միջազգային օլիմպիական կոմիտեի / ՄՕԿ / գործկոմի նիստը:
Ներկաները ընդգծել են , որ այս ամառ Տոկիոյում անցկացված օլիմպիական խաղերի բոլոր մասնակիցները հետևել են համավարակի համար սահմանված հատուկ կանոններին: Դա վերաբերում է մարզիկներին, մարզիչներին, պաշտոնյաներին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին:
Նման միջոցառումներ կձեռնարկվեն նաև հաջորդ ՝ << Պեկին – 2022 >> ձմեռային խաղերից առաջ: Անվտանգ օլիմպիական խաղերի անցկացման համար ՄՕԿ -ը և կազմկոմիտեն կառաջնորդվեն նույն սկզբունքներով, ինչպես` << Տոկիո – 2020 >> -ի դեպքում, - ասել է ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախը:
Համապատասխան ձեռնարկները, ամենայն հավանականությամբ, կհրապարակվեն հոկտեմբերին:
Տոկիոյի խաղերում գործել են հատուկ շտաբներ, որոնք ստացել են խախտումների մասին արձանագրությունները: Ինչպես հայտնի է, պահանջվել է հետևել սոցիալական հեռավորություն պահպանելու, գրկախառնություններից և ձեռքսեղմումներից զերծ մնալու, զբոսանք կատարելու, պարբերաբար կորոնավիրուսի թեստերի առկայությունը:
Տոկիոյում մրցումների մեծամասնությունն անցկացվել է առանց հանդիսականի: 2022թ. խաղերում երկրպագուների ներկայության հարցը դեռևս որոշված չէ: Հաշվի կառնվի տվյալ ժամանակահատվածում համաճարակաբանական իրավիճակը:
Գործկոմի անդամները նաև ողջունել են հոկեյի ազգային լիգայի խաղացողների ասոցիացիայի միջև ձեռք բերված համաձայնությունը, ըստ որի, Հյուսիսային Ամերիկայի լիգայի ներկայացուցիչները կմասնակցեն Պեկինում կայանալիք օլիմպիական մրցաշարին: Այդ գործին նպաստել է հատկապես մարզաձևի միջազգային ֆեդերացիան:
Հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Չինաստանում կանցկացվեն մի շարք փորձնական մրցումներ, որոնցում մարզիկները, տեխնիկական անձնակազմը, ինչպես նաև ՄՕԿ -ի և կազմկոմիտեի ներկայացուցիչները կկարողանան գնահատել մարզահամալիրների հնարավորությունները և անհրաժեշտ այլ ճշգրտումներ կկատարեն:
Գործկոմի կարևոր որոշումներից է ԿԺԴՀ -ի ԱՕԿ -ի հեռացումը մինչև 2022 թվականի ավարտը: Դա պայմանավորված է նրանով, որ այդ երկրի մարզական պատվիրակությունը հրաժարվեց Տոկիոյի խաղերի մասնակցությունից:
Այսպիսով, խախտվել է օլիմպիական խարտիայի 27.3 կանոնը, որը սահմանում է՝ միայն ազգային օլիմպիական կոմիտեները բացառիկ իրավունք ունեն ներկայացնել երկիրը ՄՕԿ -ի հովանու ներքո անցկացվող ստուգատեսներում, նաև այն , որ ԱՕԿ – ները պարտավոր են մարզիկներ գործուղել մրցումների: