211652_close_icon
views-count1229 դիտում article-date 10:25 08-09-2021

Պետության գոյության իմաստը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ցանկացած պետություն պետք է ունենա ինչ-որ տեսլական կամ գոյության իմաստ, որի վերաբերյալ քաղաքացիների մեծամասնության մոտ կա ընդհանուր համաձայնություն: Այդ իմաստի կորուստը՝ պետության գոյատեւման տեսանկյունից, լուրջ վտանգ է: Օրինակների համար հեռու չգնալու նպատակով հիշենք մեր ոչ վաղ անցյալը: Խորհրդային մարդկանց մեծ մասը որոշ ժամանակ կարծում էր, որ կառուցում է պայծառ կոմունիստական ապագա, եւ կատարյալ երջանկությանը խանգարում են չար իմպերիալիստները (տեսլականի հետ մեկտեղ շատ ցանկալի է, որ լինի թշնամու կերպարը):

Բայց 1970-ական թվականներին (գուցե մի քիչ ավելի վաղ) այդ տեսլականին այլեւս ոչ ոք չէր հավատում, եւ պետությունը, որի գոյության իմաստը հիմնված էր նաեւ այդ հավատի վրա, սկսեց կամաց-կամաց այլասերվել եւ հետագա 20 տարիների ընթացքում այս եւ բազմաթիվ այլ պատճառներով վերջնականապես փլուզվեց: Երրորդ Ռայխի գոյության իմաստը Առաջին համաշխարհային պատերազմում կրած պարտության համար ռեւանշն էր: Նմանապես՝ 1994-2020 թվականների Ադրբեջանի ինքնության հիմքը «իրենց» հողերի հետնվաճումն էր եւ դրան ուղեկցող՝ հայերի նկատմամբ վայրագ ատելությունը:

Հայաստանի Երրորդ Հանրապետությունը ծնվել է եւ մինչեւ 2020 թվականը գոյատեւում էր այն հիմքով, որ կարողանում է ապահովել Արցախի գոյությունը՝ որպես հայկական տարածք: Բայց անցած տարվա նոյեմբերի 9-ից հետո պետության գոյության այդ իմաստը գրեթե կորել է ու փոխարինվել է նոր իմաստով:

Տեսլականը ձեւակերպվել է իշխանության կողմից դեռեւս 2018 թվականի մայիսին: Պետության գոյության այսօրվա իմաստը նախկիններին պատժելն է, եւ այդ քարոզչությունը վարվում է հետեւողականորեն ու մեծ հաջողությամբ՝ ընդգրկելով պոպուլիզմը՝ այսինքն իբր հեշտ իրագործելի նպատակները եւ թշնամու կերպարի ձեւավորումը: Ըստ այդմ՝ եթե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ձերբակալվեն եւ ցանկալի է՝ գնդակահարվեն, իսկ նրանց հարստությունը հեղափոխական Ռոբին Հուդերը հավասարապես բաժանեն ժողովրդին, ապա Հայաստանը կդառնա երջանիկ եւ բարգավաճ երկիր: Այդպիսին է Փաշինյանի ընտրազանգվածի, այսինքն՝ ակտիվ քաղաքացիների մեծամասնության տեսլականը եւ, ինչպես եւ նախորդ օրինակներում, դրա շուրջ կա հասարակական լայն կոնսենսուս:

Բայց այստեղ հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ այդ մարդիկ եւ մի շարք այլ՝ հիշյալ ընտրազանգվածի համար ատելի կերպարներ առայսօր, երեքուկես տարվա ընթացքում չեն դատապարտվել կոռուպցիայի համար: Գուցե նրանք իրականում անմե՞ղ են: Կարծում եմ՝ ոչ: Նախկին ռեժիմին ծառայող դատավորնե՞րն են խանգարում: Դարձյալ՝ ոչ: Պատճառը, վստահ եմ այլ է. եթե նրանք գնդակահարվեն, եթե հագեցվի այդ զանգվածի վրեժի ծարավը, ապա պարզ չէ, թե դրանից հետո ինչով են զբաղեցնելու մարդկանց: Կվերանա այն, ինչը, շատերի կարծիքով, այսօր պետության գոյության իմաստն է: Ահա եւ ստացվում է, որ «թալանի» մասին խոսելն ավելի ձեռնտու է, քան ենթադրյալ «թալանչիներին» իսկապես պատժելը: Կարծում եմ, անվերջ խոսել նույնպես չի ստացվի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր