211652_close_icon
views-count54601 դիտում article-date 10:28 05-09-2021

Կրակոցներ ու դանակահարություն Կոտայքի մարզում. կա վիրավոր. կասկածյալը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող է. ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել են նրան ու ինքնաձիգը

Երեկ՝ սեպտեմբերի 4-ին,  կրակոցներ և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Աբովյան բժշկական կենտրոնից  ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված  իրենց մոտ է  տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը և ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Սարիբեկ Ռուստամյանը:

Ժամանել է նաև  Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության  Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի գլխավորությամբ:

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել է նաև Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ, 21-ամյա Գրիգոր Ս.-ն է, ով հիվանդանոց է  տեղափոխվել Կոտայքի մարզի Կոտայք գյուղից:

Մինչ բժիշկները վիրավորին անհրաժեշտ բուժօգնութունն էին ցուցաբերում, Կոտայքի մարզի ոստիկանները՝ մարզի ոստիկանապետ Ա. Զոհրաբյանի, Կոտայքի բաժնի պետ Ս. Ռուստամյանի գլխավորությամբ,  ստացված օպերատիվ տվյալներով  պարզել են, որ նույն օրը Կոտայք գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի մոտ կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Գրիգոր Ս.-ին դանակով հարվածել է  Կոտայքի մարզի բնակիչ, 25-ամյա Արա Գ.-ն, ով այնուհետև իր մոտ եղած  ինքնաձիգից կրակոցներ է արձակել:

Կոտայքի մարզի ոստիկաններն ու ապա նրանց միացած Աբովյանի  քննչական բաժնի քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են ինքնաձիգի թվով 3 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտների պարկուճներ, որից հետո  Արա Գ.-ն ոստիկանների ու քննիչների կողմից ձեռնարկված  միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների շնորհիվ այսօր՝  սեպտեմբերի 5-ին, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Կոտայքի  բաժին, որտեղից էլ նա ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արա Գ.-ն, ով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում,  ոստիկաններին է ներկայացրել նաև հանցագործության գործիք հանդիսացող Կալաշնիկով ինքնաձիգը:

Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Գ. Մաթևոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի, 6-րդ կետի և 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 

Նմանատիպ նյութեր