211652_close_icon
views-count93061 դիտում article-date 09:56 04-09-2021

Կրակոցներ Երևանում. փողոցում հայտնաբերվել է 45-ամյա տղամարդու՝ հրազենային վնասվածքներով դին. կասկածյալը քրոջ որդին է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։10-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Ներքին Շենգավիթ 11 փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի դիմաց տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։

Ժամանել են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 45-ամյա Սամվել Վարդանյանի դին՝ հրազենային 2 վնասվածքով; 

Մինչ դեպքի վայրում աշխատում էր դատական բժիշկը, Շենգավիթի ոստիկաններն ու քննիչները՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների հետ տաք հետքերով պարզել են, որ նշված վայրում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ էլ ենթադրյալ կասկածյալ՝ 26-ամյա Աշոտ Մկրտչյանը իր մոտ եղած «Վինչեստեր» տեսակի զենքով կրակոցներ է արձակել Ս. Վարդանյանի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է։

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են կասկածյալին և բերման ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին։

Ինչպես տեղեկանում ենք Հայաստան քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից, փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնի պետ Ռ. Վարդանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և խմբի ղեկավարի որոշմամբ էլ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին  (սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով։

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հրազենը, քննիչի որոշմամբ էլ ենթադրյալ կասկածյալ Ա. Մկրտչյանը ձերբակալվել է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանված Ս. Վարդանյանը կասկածյալ Ա. Մկրտչյանի քեռին էր։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր