211652_close_icon
views-count1152 դիտում article-date 13:42 27-08-2021

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում պատրաստ ենք ծավալել մինչև 2700 մահճակալ. Անահիտ Ավանեսյան

Կառավարության այսօրվա նիստում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Առողջապահության նախարարությունը պատրաստ է ծավալել մինչև 2600-2700 մահճակալ:

«Բայց, իհարկե, սա շատ մեծ լարվածություն է առաջացնում առողջապահական համակարգում, որովհետև առաջիկայում աշնան սեզոնն է, որն ընդհանուր առմամբ աչքի է ընկնում հիվանդացության աճով: Այս պահին էլ մեր բոլոր բժշկական կենտրոնների վերակենդանացման բաժանմունքները շատ խիստ լարված վիճակով են աշխատում»,- ասաց Ավանեսյանը:

Նրա խոսքով` պետությունը ամեն ինչ անում է, որպեսզի կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շրջանակներում համալրվեն մահճակալները, բայց մասնագետները սահմանափակ են, ուստի այլ հիվանդություններով տառապող քաղաքացիներին ևս ճիշտ ժամանակին օգնություն ցուցաբերելու համար շատ կարևոր է, որպեսզի կառավարելի լինի իրավիճակը:

«Մենք ընթացքում ծավալվելու ենք` մեր մարզային կենտրոններում և մայրաքաղաքում: Հստակ գծագրված է պլանը, և որպեսզի խնայենք նաև հանրային միջոցները, վերապրոֆիլավորում ենք ըստ անհրաժեշտության»,- ասաց Ավանեսյանը:

Նմանատիպ նյութեր