211652_close_icon
views-count2127 դիտում article-date 13:10 26-08-2021

ՔՊ-ականները հարվածում էին, կարծես, հենց նոր իրենց ձեռքն էին ընկել Ալիևն ու Էրդողանը. Գեղամ Նազարյանը՝ ԱԺ ծեծկռտուքի մասին

Տասնյակ զանգեր, հաղորդագրություններ եմ ստանում հերոս տղերքի ծնողներից, ընկերներից, լրագրողներից, քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներից, որոնք հետաքրքրվում են իմ առողջությամբ եւ ցանկանում իմանալ, թե ինչ է իրականում տեղի ունեցել Ազգային ժողովում, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, ով նախօրեին տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով վնասել էր աչքը։

«Միանգամից ասեմ, որ հետազոտությունը Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում եւ «Էրեբունի» բժշկական կենտրոնում ցույց տվեց, որ առանձնապես լուրջ խնդիր չկա, եւ երկու-երեք օրվա ընթացքում կապաքինվեմ:

Շնորհակալություն Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի եւ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ղեկավարությանն ու բուժանձնակազմին հոգատար վերաբերմունքի եւ պրոֆեսիոնալ բուժօգնության համար:

Իսկ հիմա այն մասին, թե ինչ տեղի ունեցավ Ազգային ժողովում: Ես արդեն տեղեկացրել էի, որ կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ նիստերի դահլիճում չեմ լինելու, սակայն այսօր, երբ հասկացա, որ բախում է տեղի ունենում, շտապեցի այնտեղ:

Առաջին պատկերը որ տեսա, բորենիների նման չորս-հինգ ՔՊ-ական ընկել էին Արթուր Ղազինյանի վրա եւ հարվածում էին նրա գլխին եւ մարմնի տարբեր մասերին: Հարվածում էին այնպես, կարծես հենց նոր իրենց ձեռքն էին ընկել Ալիեւն ու Էրդողանը: Ակնհայտ էր, որ պարագլխից ունեին հրահանգ՝ փոքր խմբերով հարձակվել նախապես որոշված թիրախների վրա։ Ինչեւէ։

Միանգամից աչքի զարնեց, որ նրանց մեջ է ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։ Պատկերացնո՞ւմ եք, առողջապահության նախարարը, մասնագիտությամբ բժիշկ, թալիբանի էնտուզիազմով մարդ է ծեծում։ Ի դեպ, Արսեն Թորոսյանը, որքան հիշում եմ, բանակից ազատվել էր իբր առողջական խնդիրների պատճառով, բայց լավ էլ հարձակվում էր խաղաղ կանգնած գործընկերոջ վրա, ձեռքերով հարվածում եւ քացիներ տալիս։

Միանգամից նետվեցի դեպի նա եւ մի կերպ, բավական կոպտորեն նրան հեռացրի Արթուր Ղազինյանից, որից հետո որոշեցի հետ վերադառնալ դեպի Ղազինյանը, որ նրանից պոկեմ նաեւ մյուսներին, հենց այդ ժամանակ ոմն ՔՊ-ական հարվածեց ուղիղ աչքիս, որից անմիջապես հետո մի որոշ ժամանակով կորցրեցի տեսողությունս: Հետաքրքիր է, որ այդ հարվածող ՔՊ-ական թալիբանը տեսավ, որ ես ընդամենը փորձում եմ դադարեցնել ծեծկռտուքը։

Հարկ եմ համարում հատուկ ընդգծել, որ այդ պահին նկատեցի, որ մի քանի ՔՊ-ական, ինչպես նաեւ մոտակայքում գտնվեղ ՊՊԾ բարձրաստիճան սպան շարժվեցին դեպի այդ ոմն ՔՊ-ականը եւ ասելով՝ արա, դու աննորմա՞լ ես, այս ի՞նչ արիր, նրան հեռացրին դեպքի վայրից:

Վնասվածքս ակնհայտ էր եւ հենց ԱԺ բուժմասից հրավիրեցին շտապ օգնության բրիգադին:

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այդ պահին իմ կողքին էին, ովքեր անդադար զանգում եւ հետաքրքրվում էին իմ վիճակով, անկախ նրանց քաղաքական հայացքներից եւ քաղաքական ուժի պատկանելիությունից:

Իսկ մնացածը հետո: Շատ ասելիք եւ անելիք կա: Ակնհայտ էր, որ այս ամենի կազմակերպիչը՝ նրանց պարագլուխն է, որը թիկնապահների զորքով շրջապատված հանգիստ հետեւում էր ամոթալի գործողություններին», - գրել է Նազարյանը։

Նմանատիպ նյութեր