211652_close_icon
views-count7721 դիտում article-date 09:37 25-08-2021

Ուշագրավ բացահայտումներ՝ ՊՆ-ում. ինչ են հայտարարել զինվորներին սնունդ մատակարարողները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Օգոստոսի 20-ին ՀՀ ՊՆ Արշակ Կարապետյանը հանդիպել էր պաշտպանական գերատեսչության պատվերով սննդի պատրաստման և պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պատասխանատուները ներկայացրել են իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված խախտումները, նշել, որ զորամասերում սննդի որակն ու մատուցվող ծառայությունները առանձին դեպքերում չեն համապատասխանում կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի պահանջներին։

Պաշտպանության նախարարը խիստ քննադատության է ենթարկել զինծառայողներին մատուցվող սննդի պատրաստման և պահպանման ընթացքում խախտումներ թույլ տված կազմակերպություններին և հրահանգել ողջամիտ ժամկետում լիարժեք կերպով վերացնել արձանագրված բոլոր թերությունները։

Բայց այս հաղորդագրությունը խորը արմատներ ունի. մինչ Պաշտպանության նախարարությունը մեղքը բարդում է մատակարարների վրա, իրավապահ համակարգը քրեական գործ է հարուցում մատակարարների անբարեխիղճ գործունեության մասով ու ուշագրավ բացահայտումներ անում: «Ժողովուրդ» օրաթերթն իր լավատեղյակ աղբյուրներից պարզեց, որ իրավապահ համակարգը հարցաքննության է հրավիրել մատակարարներին, նրանք բացատրել են, որ մրցույթ է հայտարարվել, մասնակցել են, այն ապրանքը, ինչը ներկայացրել են ԶՈւ հանձնաժողովին, դա էլ մատակարարվել է բանակ: Այսինքն՝ եթե մատակարարված ապրանքը վատն է եղել, հանձնաժողովը չպետք է ընդուներ:

Իսկ ինչո՞ւ է հանձնաժողովը ընդունել. կա՛մ ազդեցիկ զանգ է հնչել ԶՈւ-ից, կա՛մ մասնագետներ չեն եղել, չեն հասկացել: Իհարկե, երկրորդ տարբերակը թերևս բացառվում է: Իրավապահները ԶՈւ հանձնաժողովի անդամների խոսքերը արժանահավատ չեն համարել և բանակին սնունդ կամ այլ իրեր մատակարարող ընկերությունների և հանձնաժողովի անդամների գործունեության մեջ կոռուպցիոն ռիսկեր են տեսել: Ի դեպ, այս բացահայտման մասին նաև հայտնել են Պաշտպանության նախարարությանը, ինչը ենթադրել է տալիս, որ Պն-ում առաջիկայում ուշագրավ բացահայտումներ են սպասվում: Իսկ թե ովքեր են մատակարարները՝ առաջիկայում»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր