211652_close_icon
views-count4044 դիտում article-date 19:44 22-08-2021

Ո՞վ է տեսել, որ ռազմաճակատը «հսկեն» թեթևազեն ու փոքրաքանակ սահմանապահ ուժերը. Արմեն Այվազյան

«Հայաստանի Հանրապետության սահմանն Ադրբեջանի հետ խաղաղ սահման չէ, այն ՌԱԶՄԱՃԱԿԱՏ է։ Ընդ որում, մի քանի տեղ ադրբեջանական զորքը ներխուժել է մեր միջազգայնորեն ճանաչված տարածք և զավթել տասնյակ քառակուսի կիլոմետրեր։ Բացի այդ, Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը հրապարակայնորեն խոստանում է առաջիկայում զավթել նաև Սյունիքն ու Վարդենիսը, իսկ հետագայում՝ նաև Երևանը», իր ֆեյսբուքյան էջում գրել է պատմաբան Արմեն Այվազյանը:

«Բայց այս ամենը ՀՀ կառավարության համար որևէ նշանակություն չունի։ ՀՀ բանակի բարեփոխման իր նոր վայ-հայեցակարգով փաշինյանականները նախատեսում են սահմանային հսկողությունն ու պաշտպանությունն ամբողջապես փոխանցել Սահմանապահ զորքերին:

Հարց եմ տալիս. ո՞վ է տեսել, որ ՌԱԶՄԱՃԱԿԱՏԸ «հսկեն» թեթևազեն ու փոքրաքանակ սահմանապահ ուժերը։ Կարո՞ղ եք արդյո՞ք պատկերացնել, որ, օրինակ, 1942 թ. Ստալինգրադի, Լենինգրադի և Մոսկվայի մատույցներում կանգնած լինեին ոչ թե Կարմիր բանակի զորամասերը, այլ... սահմանապահ ստորաբաժանումները։ Չէ՞ որ սա բացարձակ անհեթեթություն է, որը նույնիսկ ֆանտաստիկայի ժանրում չի տեղավորվում։
Իրականում, այս անհեթեթությունն ունի իր պարզ բացատրությունը՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն ակտով ՀՀ կապիտուլյացիան դեռևս չի ավարտվել։ Այժմ մենք գործ ունենք սողացող կապիտուլյացիայի հետ։ Որքան Ալիևն ավելի շատ է սպառնում և հոխորտում, այնքան ՀՀ կառավարությունն ավելի է թուլացնում ՀՀ պաշտպանունակությունը՝ ցեղասպան թշնամու խոշորածավալ հարձակումների նախաշեմին։

Այս ամենը, կարծես, քիչ է, նախատեսվում է նաև ժամկետային զինծառայողների թվի կրճատում։ Խելքի՛ աշեցեք...

ՍՈՂԱՑՈՂ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՆ ՄԻ ՕՐ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻՈՐԵՆ ԲԵՐԵԼՈՒ-ՀԱՍՑՆԵԼՈՒ Է ՀՀ ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԿՈՏՈՐԱԾԻ ԵՎ ՀԱՅՐԵՆԱԶՐԿՄԱՆ։

ՓՐԿՈՒԹՅԱՆ ՄԻԱԿ ՈՒՂԻՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ Է։

Հ.Գ. Ահա նաև այս խնդրի մասին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի խառնիճաղանճ մտքերն ու «հիմնավորումները».

«Ժամկետային զինծառայողների թվի կրճատում կլինի, ավելի շուտ՝ զինծառայության ժամկետի կրճատում: Պրոֆեսիոնալ բանակը չի նշանակում պայմանագրային զինծառայություն, դա ենթադրում է, որ մարդն իր ամբողջ ժամանակը պետք է տրամադրի ծառայությանը: Օրինակ՝ պայմանագրային ծառայության դեպքում որոշակի ժամանակահատված դիրք են պահում, որոշակի ժամանակ էլ ազատ են: Մենք ուզում ենք ամբողջապես փոխել այս մոտեցումները:

Մենք ուզում ենք, որ սահմանային հսկողությունն ու պաշտպանությունն ամբողջապես փոխանցվի Սահմանապահ զորքերին. այդ նպատակով ԱԱԾ-ն պետք է ընդլայնի սահմանապահ զորքերի թվաքանակը, իսկ բանակն ամբողջապես պետք է կենտրոնանա ռազմական գործում հմտանալու վրա, իսկ երբ սահմանների պաշտպանության անհրաժեշտություն առաջանա, միայն այդ դեպքում զբաղվի ռազմական գործողություններով»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր