211652_close_icon
views-count37797 դիտում article-date 14:08 19-08-2021

Կառավարությունը նախատեսում է կրճատել զինծառայության ժամկետները․ վերանայվելու է Ազգային անվտանգության ռազմավարությունը, մշակվելու է նոր Ռազմական դոկտրին

Հայաստանի կառավարությունը նախատեսում է ռազմավարական հեռանկարում աստիճանաբար անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի. ժամկետային և  զորահավաքային զինծառայության կառուցվածքն էականորեն կփոխվի:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրում, որն ընդունվել է կառավարության կողմից և առաջիկայում կուղարկվի խորհրդարան:

Ծրագրում նշվում է, որ Հայաստանի Զինված ուժերի բարեփոխումների մեկնարկած լայնածավալ գործընթացը բաղկացած է և՛  կառուցվածքային, և՛ բովանդակային փոփոխություններից:

«Հաշվի առնելով զինվորական ծառայության զարգացման ու կատարելագործման հեռանկարները՝ առաջիկայում Կառավարությունը ձգտելու է զինծառայության ժամկետների կրճատմանը՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի։ Սրանով Կառավարությունը խթանելու է զինվորական ծառայության շահադրդման թե՛ նյութական և  թե՛ բարոյահոգեբանական մեխանիզմները»,-ասված է ծրագրում:

Նշվում է, որ կառավարությունը բարձրացնելու է Զինված ուժերի կառավարման և  ղեկավարման համակարգի արդյունավետությունը: Իրականացվելու են անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված պաշտպանության ոլորտի համապետական խնդիրների լուծմանն ու պաշտպանության կազմակերպման ընթացակարգերի հստակեցմանը, այդ թվում՝ պետության ռազմական անվտանգության համակարգի մարմինների պաշտպանության ոլորտին առնչվող լիազորություններն ու պարտականությունները:

Վերանայվելու է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը, մշակվելու է նոր Ռազմական դոկտրին, Պետության պաշտպանության պլան, կատարելագործվելու են պետությունը պաշտպանության նախապատրաստելու գործիքակազմերն ու ընթացակարգերը: Զինված ուժերի կառավարման և  ղեկավարման արդյունավետության բարձրացման և   որոշումների կայացման ժամանակահատվածը կրճատելու նպատակով ներդրվելու է միասնական ավտոմատացված կառավարման այնպիսի համակարգ, որն ապահովելու է ժամանակակից ռազմական գիտությանը համահունչ արագ և  առաջանցիկ որոշումների կայացումը: Այդ նպատակով Զինված ուժերի կառավարման և  զորային օղակներում իրականացվելու են  կազմակերպչական և  հաստիքային փոփոխություններ: Առաջադրված խնդիրների լուծման նպատակով կազմավորվելու են մեծ շարժունակությամբ և  կրակային հզորությամբ, երկար ժամանակ ինքնուրույն մարտական գործողություններ վարելու ունակ զորամիավորումներ ու ստորաբաժանումներ:

Նմանատիպ նյութեր