211652_close_icon
views-count92153 դիտում article-date 13:57 17-08-2021

Բացահայտվել է հայտնի դաշնակցական, պատերազմի օրերին բազմաթիվ բարեգործական աշխատանքներ կատարած ԱՁ 51-ամյա տնօրենի սպանությունը․ նրա դին Ford Transit-ի հետ գլորել էին Քյարքիի ոլորաններից․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց՝ 2-ամսյա կալանքի որոշում կայացնի Արարատի մարզի բնակիչ 47-ամյա Արսեն Մ․-ի և Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Գևորիկ Ղ․-ի նկատմամբ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը դռնփակ դատական նիստ անցկացնելուց հետո և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը, և նշված անձինք կալանավորվել և տեղափոխվել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հաշվեկշռում գտնվող համապատասխան քննչական մեկուսարան։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք կասկածվում են Երևանի բնակիչ, ԱՁ տնօրեն, 51-ամյա Ժիրիկ Շաջանյանին սպանելու մեջ։ Վերջինիս դին հայտնաբերվել էր այս տարվա մարտի 30-ին Արարատի մարզում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 82-րդ կմ հատվածում Տիգրանաշենի (Քյարքի) ոլորաններում՝ ձորում գլխիվայր շրջված Ford Transit մակնիշի ավտոմեքենայի մոտ։ 

Դեռ այն ժամանակ դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Ժամանել էին նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։ 

Ու մինչ բաժնի պետը փորձում էր, ըստ վարկածի՝ հայտնել, որ տեղի ունեցածը ողբերգական ավտովթար է, այն ժամանակվա ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը, մի քանի վայրկյան զննելով դեպքի վայրը, հայտնեց, որ տեղի ունեցածը ոչ թե ողբերգական ավտովթար է, այլ սպանություն։ 
 
Ու արդեն ժամանած դատական բժիշկը, զննելով դին, հաստատեց Կ․ Ցուցուլյանի վարկածը։ 

Նույն օրը Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով հարուցվում է քրեական գործ։ Եվ այն բացահայտելու համար ստեղծվում են օպերատիվ քննչական խմբեր, որոնք ղեկավարում են Կ․ Ցուցուլյանը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը և ներկայիս ոստիկանության Արարատի  մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը։ Առանձին ստեղծվում է նաև քննչական խումբ։

Ոստիկաններն ու քննիչները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզում են դեպքի որոշ հանգամանքներ և, ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, այնուհետև ձեռք բերված փաստական տվյալներով՝ նշված սպանությունը կատարելու կասկածանքով՝ բերման են ենթարկում Արսեն Մ․-ին և Գևորիկ Ղ․-ին, ու արդեն քննչական մարմինը դիմում է դատարան։

Ինչպես ավելի վաղ  հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի պետ Արթուր Ավետյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամ Պողոսյանի որոշմամբ սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քր.գործը, որը հարուցվել է ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով երեկ՝ մարտի 30-ին, Քյարքիի ոլորաններում գլխիվայր շրջված ավտոմեքենայի մոտ հայտնաբերված ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից որպես անհայտ կորած Երևանի բնակիչ՝ 51-ամյա Ժիրիկ Շաջանյանի դիակի հայտաբերման փաստով։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դատաբժշկի կողմից դիակի արտաքին զննությամբ պարանոցի վրա հայտնաբերվել է փաթաթած կպչուն ժապավեն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանվածն աշխատում էր «Ալանուշ Շահինի Բանդարի Մասիհի» ԱՁ տնօրեն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 170+
170+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր