211652_close_icon
views-count21569 դիտում article-date 22:23 22-04-2024

Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, կա վիրավոր. ժամանել է կին ոստիկանապետը

 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ապրիլի 16-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Չարենցավան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի 33 շենքի բակում ծեծկռտուքի հետևանքով «կրծքավանդակի և ձախ ստորին վերջույթի սալջարդ հարցականով» ախտորոշմամբ շտապօգնության խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները' բաժնի պետ Անի Դանիելյանի գլխավորությամբ, պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ 16-ամյա Կ․ Վ․-ն է։

 Նույն օրը ժամը 17։10-ի սահմաններում Կ.Վ․-ի մայրը ոստիկաններին հայտնել է, որ ժամը 15։00-ի սահմաններում Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի 21 շենքի հարակից խաղադաշտում վիճաբանություն է տեղի ունեցել իր որդու և զուգահեռ դասարանի աշակերտ 16-ամյա Դ․ Ի․-ի հետ, որի ընթացքում վերջինս քաշքշել է, և մի քանի անգամ հարվածել որդու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

 Ոստիկանության Չարենցավանի բաժնում ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ է ստացվել, որ ծեծկռտուքի ժամանակ մասնակից են եղել նաև Կոտայքի մարզի բնակիչներ 14-ամյա Ժ․ Ն․-ն, 16-ամյա Ա․ Ս․-ն և 14-ամյա Ժ․ Ա․-ն, ովքեր իրենց հերթին մարմնական վնասվածքներ են պատճառել Կ.Վ․-ին:

 Դեպքի փաստով ոստիկանության Չարենցավանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր