Պաշտպանները միջնորդեցին Արմեն Չարչյանի նկատմամբ ընտրված կալանքը փոխարինել գրավով
news.am-ը գրում է. Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար, բժիշկ Արմեն Չարչյանի նկատմամբ ընտրված կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդություն ներկայացվեց։
Նրա պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը դիրքորոշում հայտնեց Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի իրավաչափության վերաբերյալ.
«Դատավարության այս փուլում առկա են բոլոր նախադրյալները Չարչյանի նկատմամբ կիրառված ամենախիստ տեսակի խափանման միջոց կալանավորումն ավելի մեղմ տեսակի խափանման միջոց՝ գրավով փոխարինելու համար։ Միջդատական վարույթում մենք մեր անհամաձայնությունն ենք հայտնել այն մասին, որ ի սկզբանե պարոն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չէր կարող ընտրվել այն պատճառով, որ ոչ միայն առկա չեն կալանավորման հիմքերը, այլ նաեւ առհասարակ առկա չէ կալանավորման պայման՝ հիմնավոր կասկածը։ Դատավարության ներկա փուլում, նկատի ունենալով, որ միջդատական վարույթը ավարտվել է, ապացույցները հավաքված են եւ գնահատված են, քննությանը խոչընդոտելու ռիսկերը, որոնք արձանագրել են դատարանները, միանշանակ նվազել է»։
Ըստ Ալեքսանյանի՝ բոլոր վկաներն այս քրեական գործով տվել են արդարացնող բնույթի ցուցմունքներ. «Տվել են ցանկալի ցուցմունքներ Չարչյանի համար։ Հետեւաբար ունե՞նք արդյոք այստեղ տրամաբանություն, որ Չարչյանի՝ ազատության մեջ մնալու դեպքում, նրանց վրա կարող է ազդեցություն գործադրել»։
Մանրամասներն՝ այստեղ