211652_close_icon
views-count6526 դիտում article-date 11:13 17-07-2021

«Նաիրի Հոխիկյանը տվեց ցուցմունք՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի եւ նրա մերձավոր շրջապատի՝ առ այն, որ նրանք դավաճանաբար հանձնել են Արցախը». Ղազինյան

«Այլընտրանքային նախագծեր խումբը» «ՀՀ քաղաքական եւ իրավական մարտահրավերները. հետընտրական Հայաստան» թեմայով կոնֆերանս էր կազմակերպել:

Բացման խոսքում Էլինար Վարդանյանն ասաց, որ մեր պետությունը ինքնահոսի է մատնված, չկա որեւէ օրակարգ, բոլոր ոլորտներում ծայրահեղ ծանր իրավիճակ է:

Նա անդրադարձավ լրագրող Նաիրի Հոխիկյանի բացահայտումներին՝ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Կարապետյանի ու Ալեքսանդր Լապշինի (վերջինս արդեն իսկ հերքել է Հոխիկյանի պնդումները.- խմբ.) զրույցի մասին. «Ես չեմ ուզում դատավորի դեր ստանձնել եւ տալ գնահատականներ, բայց ես կարծում եմ, որ սա պետք է լինի իրավապահների ուշադրության կենտրոնում: Այդ նույն Վլադիմիր Կարապետյանը 2018-ին վիկիլիքսյան հրապարակումների հիման վրա կոչ էր անում դատախազությանը քրգործ հարուցել Արմեն Գեւորգյանի նկատմամբ: Իհարկե, Վիկիլիքսում տվյալներ կան, որոնց հիման վրա եթե քրգործեր հարուցվեն, պետք է հարուցվեն այսօրվա վարչապետի պաշտոնակատարի ու մի քանի իշխանականների նկատմամբ»: Ըստ Էլինար Վարդանյանի, ՀՔԾ-ն, ԱԱԾ-ն պետք է քրգործ հարուցի անմիջապես, իսկ ԱԺ առաջին նիստերին պետք է քննիչ հանձնաժողով ստեղծեն՝ պատերազմի հանգամանքները ուսումնասիրելու:

«Հայաստան» դաշինքը ներկայացնող Արթուր Ղազինյանը, խոսելով Հոխիկյանի բացահայտումների մասին՝ ասաց. «Նաիրի Հոխիկյանը տվեց բավական արժանահավատ ցուցմունք, ցուցմունք՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի եւ նրա մերձավոր շրջապատի՝ առ այն, որ նրանք դավաճանաբար հանձնել են Արցախը: Եթե անանուն աղբյուրի վրա հղում անելով ու ՀՔԾ խոսնակին քրեադատավարական սուբյեկտ դարձնելով՝ ՀՔԾ-ն ձերբակալում է պրոֆեսոր Չարչյանին, ապա այստեղ գործ ունենք կոնկրետ անձի հետ, ով հրապարակավ, ապացուցված, հիմնավորված ներկայացրեց Նիկոլ Փաշինյանի եւ նրա մերձավոր շրջապատի դավաճանական ծրագիրը ու հիմնավորեց, որ այդ ծրագիրը մշակված է եղել առնվազն 2019-ի մայիսի 11-ին: Հիմա եթե դատախազությունը դեռեւս պահպանում է իր նկարագիրը ու գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, ապա անհապաղ պետք է հարցաքննի Նաիրի Հոխիկյանին՝ որպես վկա ու քրգործ հարուցի Նիկոլ Փաշինյանի ու այդ զրույցի մասնակիցների նկատմամբ, առնվազն մեկուսացնի՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվել»:

Ղազինյանը հիշեցրեց, որ կա առնվազն 5 հաղորդում պետական դավաճանության մասին: 5-ի պարագայում էլ որեւէ ընթացք դատավարական չի տրվել, չկա հարուցված որեւէ գործ:

Ղազինյանը մեջբերեց գլխավոր դատախազի խոսքերը՝ տվեք ինձ փաստ եւ ես դա կանեմ. «Պարո՛ն դատախազ, փաստը տրված է, խնդում ենք կատարել եւ պահպանել ձեր կողմից մեզ տրված խոստումը: Ձեռնարկել քայլեր՝ քրեական հետապնդում հարուցելու»:
 

Նմանատիպ նյութեր