211652_close_icon
views-count1261 դիտում article-date 18:47 09-07-2021

Նախագահն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակում Հայաստանում գտնվող՝ Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիին և նրա ուղեկցող պատվիրակությանը:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ ողջունելով հանձնակատարի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Մենք բարձր ենք գնահատում մեր բարեկամներին ու այն աջակցությունը, որ ստանում ենք նրանցից: Հատկապես հիմա Հայաստանի համար դժվարին օրեր են, մեր երկիրը փորձում է դուրս գալ հետպատերազմական ծանր վիճակից: Ես լավատես եմ և կարծում եմ, որ ի վերջո կկարողանանք լուծել բոլոր խնդիրները»:

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարը նշել է, որ այցի նպատակն է ընդգծել Եվրամիության համար հարավկովկասյան տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների և գործընկերության կարևորությունը։

Նախագահ Սարգսյանն ու եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան անդրադարձել են պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, ի հայտ եկած մարդասիրական խնդիրներին, խոսել Եվրամիության հնարավոր աջակցության մասին: Օլիվեր Վարհեին ասել է, որ Եվրամիությունը կարևորում է տարածաշրջանի կայունությունը և պատրաստ է աջակցել երկարաժամկետ և կայուն խաղաղություն հաստատելուն:

Անդրադարձ է եղել նաև տարբեր ուղղություններով Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացմանն ու զարգացման հեռանկարներին:

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարը նշել է, որ ԵՄ-ի կողմից Հայաստանին առաջարկվում է տնտեսական և ներդրումային խոշոր փաթեթ, որի շուրջ երկար ու լուրջ աշխատանք է կատարվել, և որի իրականացումը երկրի տնտեսական և սոցիալական վերականգնման, ճգնաժամից ավելի ուժեղ դուրս գալու լավ հնարավորություն է: Նա նաև ընդգծել է ԵՄ պատրաստակամությունն՝ օժանդակելու տարածաշրջանային մարտահրավերների հաղթահարմանը, տնտեսական ինտեգրմանը:

Անդրադառնալով ԵՄ-ի կողմից Հայաստանին հատկացվող խոշոր ներդրումային փաթեթին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այն լավ հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար, սակայն դրա արդյունավետությունը կախված կլինի ճշգրիտ և թիրախավորված իրականացումից: Նախագահը հատկապես կարևորել է ապագային միտված ուղղությունների զարգացումը, մասնավորապես նորագույն տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտների խթանմանն ուղղված նախագծերի իրականացումը: Այս համատեքստում խոսվել է նաև նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում փոխգործակցության հնարավորությունների մասին:

Օլիվեր Վարհեին նշել է, որ պատրաստ են Հայաստանի հետ աշխատել նաև կորոնավիրուսի դեմ պայքարի, այդ թվում՝ նոր պատվաստանյութերի տրամադրման, պատվաստանյութերի սերտիֆիկատների ճանաչման և այլ ուղղություններով:

Նմանատիպ նյութեր