211652_close_icon
views-count2123 դիտում article-date 14:12 01-07-2021

ԱԺ-ն չընդունեց ինքնակամ կառույցներին առնչվող իշխող խմբակցության պատգամավորների նախաձեռնությունը

ՀՀ ազգային ժողովը երկար և բուռն քննարկումներից հետո երկրորդ ընթերցմամբ չընդունեց պետական և համայնքային սեփականության հողերում ինքնակամ կառույցներին վերաբերող   «Իմ քայլը» խմբակցության  պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը ԱԺ արտահերթ նիստում ստացավ 37 կողմ, 13 դեմ, 15 ձեռնպահ ձայներ: 

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նկատած խնդիրների, դիտարկումների, առաջարկների արդյունքում նախագծերի փաթեթից հանվել էին 4 նախագծերը և մնացել էր 1 նախագիծ՝ Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածում լրացում կատարելու առնչությամբ:Առաջին ընթերցմամբ քննարկմանը ներկայացված նախագծերի փաթեթով համահեղինակ Նիկոլայ Բաղդասարյանն առաջարկում էր սահմանել, որ համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողի վրա ինքնակամ ցանկացած կառույց օրինականացման ենթակա չի լինի: Եվ դա կտարածվի միայն օրենքի ընդունումից հետո ծագած իրավահարաբերությունների վրա: Բաղդասարյանը հիշեցրել էր, որ համայնքի և պետական հողի վրա կառուցված ինքնակամ շինության քանդման որոշումը կարող է բողոքարկվել դատարան, և դատարան հայց ներկայացնելուց հետո ավտոմատ կասեցվում է համայնքի որոշումը, և ըստ էության հըամայնքի ղեկավարը, ոստիկանությունը չեն կարողանում քանդել ինքնակամ շինությունը: Նախագծով սահմանվում էր, որ դատարանում բողոքարկման դեպքում պարտադիր չի կասեցվում ակտը, որն ընդունել է վարչական մարմինը:

Նա հայտնեց, որ մնացած 4 հարակից օրենքների նախագծերի կարգավորումներին առաջիկայում կառավարության նախաձեռնությամբ կտրվի ավելի համապարփակ լուծում՝ նաև հաշվի առնելով մարզերի խնդիրները:Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխությամբ լուծվում է այն խնդիրը, որ Երևանի քաղաքապետարանը, վարչական շրջանները չէին կարողանում քանդել ապօրինի շինությունները: «Լուծվում է այն հարցը, երբ բողոքարկում էին դատարան, քանդման պրոցեսը դադարեցվում էր: Երևանում այս կարգն ընդունելուց հետո դատավորները չեն կարողանա կասեցնել քանդման որոշումները: Երբ վարչական շրջանի ղեկավարը քանդման որոշում է կայացնում, դա պետք է իրագործվի: Դատական կարգով այդ գործընթացը կասեցնել չի լինի՝ այդ կարգավորումն ընդունելուց հետո»,-ասաց Վահագն Հովակիմյանը:

Ավելի ուշ Արթուր Դավթյանն ասաց, որ հանձնաժողովի նիստում պայմանավորվել են, որ մեկ նախագիծ են ընդունում, մնացած բոլորը դուրս է մնում, սակայն քարտուղարությունից տեղեկացել են, որ Քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունը, որն առաջին ընթերցմամբ քննարկել էր, մնացել է: Այդ պատճառով նա առաջարկեց դեմ քվեարկել նախագծին:

Աննա Կարապետյանն էլ վստահեցրեց, որ կառավարությունը պատրաստում է համապարփակ նախագիծ՝ ինքակամ կառույցների դեմ պայքարելու համար, պարզապես ժամանակ է պահանջվում գործիքակազմի համար:

Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ պատրաստ են քվեարկության ժամանակ ևս մեկ հնարավորություն տալ նախագիծը տեղափոխելու առաջին ընթերցմամբ քննարկման փուլ՝ վստահեցնելով, որ օրենքը պետք է վերաբերի ընդունումից հետո տարածվող իրավահարաբերություններին:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը քվեարկությունից առաջ հայտնեց, որ խմբակցությունն ազատ կքվեարկի՝ հույս հայտնելով, որ եթե նախագիծը չանցնի, ապա նախագծի հիման վրա 8-րդ գումարման ԱԺ-ն կլրամշակի այն և կընդունի, իսկ եթե անցնի, ապա հիշեցրեց, որ ուժի մեջ է մտնելու 2022-ի փետրվարից, և ժամանակ կլինի, որ նոր ԱԺ-ն այն լրամշակի: Այնուամենայնիվ, քվեարկությամբ նախագիծը չընդունվեց:

Նմանատիպ նյութեր