211652_close_icon
views-count25666 դիտում article-date 11:13 27-06-2021

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. բախվել են Երևան-Գյումրի մարդատար գնացքն ու Mercedes-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 27-ին,  արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 36-րդ կմ հատվածում առանց ուղեփակոցի կարգավորվող հատվածում՝  Զարթոնք գյուղի վարչական տարածքում, բախվել են Երևան–Գյումրի մարդատար գնացքն ու Mercedes մակնիշի  ավտոմեքենան:

Ինչպես հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով  Mercedes-ի ուղևորներ, Զարթոնք գյուղի բնակիչներ, 42-ամյա Քրիստինե Բ.-ն, 64-ամյա Մարտուն Բ.-ն, 62-ամյա Հասմիկ Բ.-ն և 9-ամյա Մարտուն Բ.-ն բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են «Մեծամոր» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության  Արմավիրի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատը:

Օպերատիվորեն  ժամանել են նաև  ոստիկանության Մեծամորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մարդատար գնացքը պատկանում է «Հարավկովկասյան երկաթուղուն» և Երևան-Գյումրի տեղափոխվելիս է եղել, իսկ Mercedes- ում եղել են ընտանիքի 6 անդամներով, ոստիկանությունն էլ պարզում է Mercedes -ի վարորդի և մեքենավարի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր