211652_close_icon
views-count1732 դիտում article-date 17:03 19-06-2021

Ռուսաստանը 3.2 մլն դոլարով կֆինանսավորի Հայաստանի տուժած շրջանների աջակցությանն ուղղված ՄԱԶԾ նախագիծը

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը 3.2 մլն դոլար կտրամադրի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) նախագծի համար, որի նպատակն է  օգնել Հայաստանի Հանրապետության առավել տուժած շրջաններին՝ հետկոնֆլիկտային վերականգնման հարցում:

Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Ռուսաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջից:

«Ռուսաստանի Դաշնության կառավարությունը որոշում է կայացրել ֆինանսավորել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) նախագիծը, որը կօգնի Հայաստանի Հանրապետության առավել տուժած շրջաններին՝ հետկոնֆլիկտային վերականգնման հարցում: Այդ նպատակով բյուջեից հատկացվել է 3.2 մլն ԱՄՆ դոլար»,- ասված է դեսպանության հայտարարությունում:

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունն արդեն պաշտոնապես տեղեկացրել է հայկական կողմին այս որոշման մասին:

Դեսպանությունից նշել են նաև, որ Ռուսաստանը համակարգված կերպով ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի համապարփակ զարգացմանն ուղղված՝ ՄԱԿ-ի կառույցների նախաձեռնություններին: Առողջապահության, կրթության, սոցիալ-տնտեսական զարգացման (այդ թվում՝ գյուղական և սահմանամերձ բնակավայրերին), հայկական արդյունաբերության մրցունակության բարձրացման, շրջակա միջավայրի պահպանության, աղետների կառավարման, էներգախնայողության ոլորտներում ծրագրերի իրականացման գործում նման աջակցության ընդհանուր ծավալը 2010 թվականից սկսած արդեն կազմել է շուրջ 70 մլն ԱՄՆ դոլար:  

Նմանատիպ նյութեր