Ընտրելու իրավունք ունեցող անձանց թիվը 2 մլն 578 հազար 678 է. թիվը ուռճացված չէ․ ի՞նչ եք առաջարկում, մե՞նք հանենք այն մարդկանց տվյալները, որոնք արտերկրում են. Արա Ֆիդանյան. Tert.am
Ընտրողների հետ կապված` բավականին ծավալուն ստուգումներ են իրականացվել, ահռելի աշխատանքներ են տարվել, և ես վստահեցնում եմ, որ այն թիվը, որը պաշտոնապես հրապարակվել է, համապատասխանում է իրականությանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ խոսելով այն շրջանառվող թեմայի մասին, թե ընտրողների՝ հրապարակված թիվը չի համապատասխանում իրականությանը և մի քանի անգամ ավելի է ներկայացվում, հայտնում է Tert.am-ը։
«ՀՀ բնակչության ընդհանուր թիվը կազմում է 3 մլն 380 հազար 653 մարդ, ընտրելու իրավունք ունեցող անձանց թիվը կազմում է 2 մլն 578 հազար 678 անձ: Այն հարցը, թե թիվը ուռճացված է, բնականաբար, սխալ է, որովհետև հստակ գործող պետական ռեգիստրի համակարգ է դրված ՀՀ-ում, իսկ այն հարցը, որ անձիք դրսում են գտնվում կամ միգուցե, բացակայում են, և իրենց տվյալները առկա են, կասեմ, որ իհարկե, առկա պետք է լինեն: Ի՞նչ եք առաջարկում, մե՞նք հանենք այն մարդկանց տվյալները, որոնք արտերկրում են, սակայն վերջին օրը գան ու զրկված լինեն ընտրելու իրավունքից, իհարկե՝ ոչ»,-ասաց Ֆիդանյանը:
Նրա խոսքով՝ չի կարող գոյություն ունենալ մի համակարգ, որով պետք է արտերկրում ապրողները զրկվեն ընտրություններին մասնակցելուց: «Արտերկրում 600-ից ավելի մահացած հայրենակիցներ ունեինք, որոնց տվյալները ինչ-ինչ պատճառներով առկա էին, սակայն այս ընթացքում այդ տվյալները ևս զտվել են»: