211652_close_icon
views-count118144 դիտում article-date 16:35 14-06-2021

Հայաստան վերադարձած ու ավտոներկրմամբ զբաղվող 37-ամյա տղամարդու դաժան սպանության մեջ կասկածվում է ավտովերանորոգմամբ զբաղվող 25-ամյա երիտասարդը. դատավորը բավարարել է ՀԿԳ ավագ քննիչի միջնորդությունը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանը հունիսի 11-ին միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Կոտայքի մարզի բնակիչ՝ 25-ամյա Նարեկ Պ-ի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Նա կասկածվում է առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու մեջ։

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշով։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրի դատավոր Գոռ Շահբազյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և կայացրել է որոշում՝ Նարեկ Պ-ի նկատմամբ, այն է՝ վերջինս որպես հետախուզվող, որոնվում է ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից։ Նա կասկածվում է Երևան քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Վահագն Մ-ին սպանելու մեջ։

Վահագն Մ-ն 2020 թվականի նոյեմբերի 2-ից որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա զբաղվել է ավտոմեքենաների ներկրմամբ և վերջերս էր արտասահմանից վերադարձել Հայաստան, իսկ կասկածյալ Նարեկ Պ-ն զբաղվել է ավտոմեքենաների վերանորոգմամբ։

Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները այդ սպանությունը բացահայտելու ուղղությամբ կատարել են նախ որոնողական, ապա՝ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, ինչի արդյունքում Կոտայքի մարզում հայտնաբերվել էր սպանվածի դին, իսկ այնուհետև պարզվել է սպանության մեջ կասկածյալի ինքնությունը։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Նարեկ Պ-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 28-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ակունք համայնքի Կապուտան վարչական շրջանի բնակիչներն ահազանգել էին ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել, որ Կապուտան գյուղի դաշտում մարդու գանգ կա։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ահազանգողներն ասել էին. «2 ժամից ավելի սպասել ենք, որպեսզի ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննրական բաժնի քննիչները բարեհաճեն։ Զանգահարում, ասում ենք՝ կասկածելի դեպք է տեղի ունեցել, օպերատիվորեն ժամանելու փոխարեն նամազ են անում։ Ստիպված վարչական շրջանի ղեկավար Սերոբ Միքայելյանն է ահազանգել, որ նոր 1 ժամ հետո ոստիկաններն ու քննիչները բարեհաճել են ժամանել։ Որոշ ժամանակ անց ժամանել են նաև ոստիկանության ղեկավար կազմից»։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ակունք համայնքից Կապուտան գյուղ տանող վերջնամասի՝ գլխավոր ճանապարհից դեպի Հատիս գյուղ տանող ճանապարհահատվածում՝ դաշտամիջյան վայրում, հայտնաբերվել էր մարդու գանգ և դիակ՝ թաղված ու նեխած վիճակում։

Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում նյութեր էին նախապատրաստվում։ 

Սպանության մեջ կասկածվող 25-ամյա Նարեկ Պ-ն է. 


Քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանն է


Դատավոր Գոռ Շահբազյանն է


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 

Նմանատիպ նյութեր