Էլմիրա Կարապետյանը Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր ստացավ
Հրաձգության միջազգային ֆեդերացիան պաշտոնապես հաստատել է հայաստանցի մարզուհի Էլմիրա Կարապետյանի մասնակցությունը Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերին: Նա ուղեգիրը նվաճել է Խորվաթիայի Օսիեկ քաղաքում օրերս անցկացված Եվրոպայի առաջնությունում:
Երևանցի մարզուհին ատրճանակավարների մրցաշարում 10 մ. հեռավորությունից, 60 կրակոցով վաստակել է 575 միավոր, սահմանել անձնական ու համապետական նոր ռեկորդ և գրավել պատվավոր հինգերորդ տեղը:
Հունիսի 11 –ի դրությամբ Հայաստանի օլիմպիականների հաստատված կազմը հետևյալ տեսքն ունի. հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյան / 60 կգ/, Կարեն Ասլանյան / 67 կգ /, Կարապետ Չալյան / 77 կգ /, Արթուր Ալեքսանյան / 97 կգ /, ազատ ոճայիններ Արսեն Հարությունյան / 57 կգ / Վազգեն Թևանյան / 65 կգ /, բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյան / 52 կգ / , Արման Դարչինյան / 75 կգ /, սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյան և հրաձգուհի Էլմիրա Կարապետյան: