211652_close_icon
views-count1617 դիտում article-date 22:52 07-06-2021

Մարզահամերգային համալիրում ներկայացվել է «Դեպի մեծ երազանքներ» հայկական երաժշտական ներկայացումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արժևորելով հզոր անցյալը՝ ավելի պայծառ ու լուսավոր ապագայի հավատով․ հունիսի 5-6-ը Մարզահամերգային համալիրում անցկացվեց «BiGiDream» մանկական, ճանաչողական, ժամանցային, մրցութային, երաժշտական փառատոնը, որի շրջանակում ներկայացվեց «Դեպի մեծ երազանքներ» հայկական մանկական երաժշտական ներկայացումը: Ներկայացման հիմքում հայկական մուլտֆիլմերի հերոսներն էին, որոնց հետ ծանոթանում են Բիգին՝ երազող հայը տիեզերքից, և իր ընկերները՝ աշխատասիրության խորհրդանիշ Ուման և բարության ու հոգատարության խորհրդանիշ Ասպետը:

Կրթական, ճանաչողական ու միևնույն ժամանակ ժամանցային այս ներկայացումը բացառիկ է իր ձևաչափով, ներկայացված հերոսներով, պարերով, երգերով, հատուկ ստեղծված ինքնատիպ հագուստներով ու վիզուալ ձևավորումով։

«Դեպի մեծ երազանքներ» երաժշտական ներկայացման համահեղինակ Դինա Ավետիսյանը փաստում է՝ ներկայացման գաղափարն էր մարդկանց տանել դեպի հեքիաթը։ «Մյուզիքլի գաղափարն է, որ մեր բոլորի երազանքներն իրականանում են, եթե հավատում ենք ու ամեն օր թևեր տալիս մեր երազանքներին։ Ստեղծվել է բոլորովին նոր հեքիաթ, որի հիմքում մեր հայկական հեքիաթների հերոսներն են։ Եվ այս հեքիաթի շուրջ աշխատել է իսկական հեքիաթային թիմ»,-նշում է Դինա Ավետիսյանը՝ փաստելով, որ ամբողջ թիմը մեծ խանդավառությամբ է աշխատել նախագծի իրականացման վրա։

Նախագծի առաջնային նպատակն է հիշեցնել բոլորիս, որ ամենակարևորը կյանքում երազելն է ու այդ երազանքի համար ամեն օր քրտնաջան աշխատելը: Իսկ ահա մեծ, համընդհանուր նպատակների հասնելու համար անհրաժեշտ է նաև ուշադիր ու հոգատար լինել միմյանց նկատմամբ, այլապես անհնար է երջանիկ լինել:

Ազգային նպատակներին հասնելու համար էլ պետք է ճանաչել, հարգել և ընդունել մերը՝ հայկականը: Ներկայացման բոլոր գլխավոր կերպարները հայ են  և իրենց կերպարային կյանքով ապացուցում են, որ հայը կա՛ ու Աստծո կամոք, դեռ ասելիք ու անելիք ունի…

Հավելենք, որ «BiGiDream» մանկական, ճանաչողական, ժամանցային, մրցութային, երաժշտական փառատոնն իրականացնում է  «Հայը կա» նախաձեռնությունը:

Փառատոնը հնարավորություն ստեղծեց մի քանի օր շարունակ մեկ հարթակում համախմբել ՀՀ բոլոր մարզերից մանկական աշխատանքներ եւ ստեղծագործություններ։ Մարզահամերգային համալիրում ստեղծվեց մի միջավայր, ուր երեխաները օրեր շարունակ իրենց հասակակիցների հետ մասնակից էին ամենատարբեր ժամանցային խաղ-միջոցառումներին։ Մինչ փառատոնի մեկնարկը անցկացվել էին նաև հատուկ դասընթացներ՝ ուղղված երեխաների կարողությունների զարգացմանն ու տաղանդների բացահայտմանը:

Հունիսի 8-18-ը փառատոնի թիմը շրջագայելու է ամբողջ Հայաստանով և Արցախով՝ երեխաների հետ և երեխաների միջոցով վառելու մարդկանց մեջ հույսի, հավատի, սիրո և միասնության ջահը:

Այս յուրահատուկ ապաքաղաքական կրակարշավը նպատակ ունի նաև բացահայտելու մեր երկրի, իսկ հետագայում նաև սփյուռքի տաղանդավոր հայերին և դրդել բոլորին երազել ու միասնաբար հասնել թե՛ անձնական, թե՛ համընդհանուր երազանքների ու նպատակների:

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր