211652_close_icon
views-count1763 դիտում article-date 13:22 03-06-2021

Հնարավո՞ր է քվեարկել, եթե անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետը լրացել է. մանրամասնում է ԿԸՀ-ն

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է, թե որ դեպքում ընտրողը կարող է քվեարկել, եթե  անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետը լրացել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ԿԸՀ-ն նաև մանրամասնել է, թե քաղաքացիները ինչ անձը հաստատող փաստաթղերով կարող են մասնակցել քվեարկությանը:

Ընտրողի համար անձը հաստատող փաստաթուղթ է համարվում նույնականացման քարտը, կենսաչափական անձնագիրը, ոչ կենսաչափական անձնագիրը, անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը` տրված լիազոր մարմնի կողմից, քրեակատարողական հիմնարկում գտնվող ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը, իսկ զինծառայողների համար` զինվորական վկայականը կամ զինվորական գրքույկը, եթե գրանցվում են (քվեարկում են) զորամասի կազմված ընտրողների ցուցակում:

Ընտրողի անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ ընտրողին քվեարկության չթողնելու համար, բացառությամբ այն դեպքի, երբ տեխնիկական սարքավորումում առկա տեղեկություններից պարզվում է, որ ընտրողն ունի այլ՝ վավերականության ժամկետը չլրացած, անձը հաստատող փաստաթուղթ: Այսինքն, եթե անձը ունի միայն մեկ անձնագիր, որի վավերականության ժամկետը լրացել է, այդ փաստաթղթով կարող է մասնակցել քվեարկությանը:

Եթե անձն ունի վավերականության ժամկետը լրացած անձնագիր, ինչպես նաև նույնականացման քարտ և (կամ) բիոմետրիկ անձնագիր, ապա ժամկետը լրացած անձնագրով չի կարողանալու մասնակցել քվեարկությանը:

Եթե անձն ունի երեք վավերական փաստաթուղթ՝ հին նմուշի և բիոմետրիկ անձնագրեր, ինչպես նաև նույնականացման քարտ, դրանցից ցանկացածով կարող է մասնակցել քվեարկությանը:

Նմանատիպ նյութեր