211652_close_icon
views-count99332 դիտում article-date 21:18 25-05-2021

Կրակոցներ Երևանում. 27–ամյա երիտասարդը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, դեպքի վայրում հայտնաբերվել է BMW, որի վրա կան կրակոցի հետքեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 25-ին, կրակոցներ են հնչել Երևանում:  Ժամը 19:20-ի սահմաններում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով  իրենց մոտ է տեղափոխվել  մի քաղաքացի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Հակոբյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մարգար Ներսիսյանի գլխավորությամբ:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ  վիրավորը  ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Շենգավիթի  ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 27-ամյա Հովսեփ Դ.-ն է:

Ոստիկանները  պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Բագրատունյաց 4-րդ նրբանցքի  21 շենքի բակից:

Այս պահին դեպքի վայր են ժամանել  ոստիկանության Երևան  քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերգծով  տեղակալ Արթուր Զաքարյաը և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:

Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Էդգար Բալոյանի, Մելիք Սոֆոյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները  նշված շենքի բակում հայտնաբերել են BMW 320i մակնիշի 13 DD 331 համարանիշի ավտոմեքենա, որի վրա հայտնաբերվել են կրակոցի, իսկ ավտոմեքենայի սրահում էլ՝ արնանման հետքեր:

Փաստի առթիվ Շենգավիթի  քննչական բաժնում հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Լևոն Անտանոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ 34-104 և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում  քննիչները, որոնց հետ  աշխատում են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 194+
194+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր