211652_close_icon
views-count1752 դիտում article-date 14:00 25-05-2021

Վահան Քերոբյանն ու Իրանի քաղաքաշինության նախարարը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մայիսի 24-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև տնտեսության ոլորտում ձևավորվել են ամուր գործընկերային հարաբերություններ, և հայկական կողմը հետաքրքրված է ընդլայնել Իրանի հետ փոխշահավետ համագործակցությունն ու առևտրատնտեսական հարաբերությունները, ինչպես նաև ձեռնարկել գործնական քայլեր՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մոհամադ Էսլամին վերահաստատել է տնտեսական կապերի խորացմանը նպաստող նախաձեռնությունների իրականացման հարցում իրանական կողմի պատրաստակամությունը և համոզմունք հայտնել, որ երկու երկրների միջև առկա  փոխգործակցության մեծ ներուժը կարելի է իրացնել՝ ներգրավելով հայկական և իրանական ընկերությունների համատեղ ծրագրերի իրականացմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ ներդրումների ներգրավման, իրանական կողմի մասնակցությամբ արդյունաբերական ավանի կառուցման, լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավման, բեռնափոխադրումների գործընթացում ընթացակարգերի պարզեցման և կանոնակարգման, ինչպես նաև Հայաստանի տարածքով իրանական տարանցիկ բեռնափոխադրումների վճարների դրույքաչափերի վերանայման հնարավորությունը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Իրանի միջև նոր ուղիղ չվերթների գործարկմանը, ինչը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ զբոսաշրջության ոլորտի ակտիվացման համար։

Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ Վահան Քերոբյանը գոհունակությամբ նշել է, որ երկուստեք առկա է պատրաստակամություն գործնական արդյունքներ արձանագրելու համար և հույս հայտնել, որ հանդիպման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները կնպաստեն, որպեսզի երկկողմ առևտուրն ու տարանցիկ բեռնափոխադրումները նոր թափ ստանան։ Այդ նպատակով ստորագրվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև փոխըմբռնման հուշագիր, որով մասնավորապես, նախատեսվում է ձևավորել համատեղ աշխատանքային խումբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի և Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալի գլխավորությամբ։ Աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։

Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ու ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամին։

Նմանատիպ նյութեր