Թեթև աթլետները մրցեցին Արտաշատում
Երևանի, Վանաձորի, Գյումրիի, Կապանի և Արտաշատի շուրջ 120 մարզիկ – մարզուհիներ մասնակցեցին Գառնիկ Ղուկասյանի անունը հավերժացնող աթլետիկայի ավանդական մրցաշարին:
ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանը զրույցի ժամանակ ասաց , որ թեև բարձր արդյունքներ չգրանցվեցին, բայց մասնակիցները գոհացրին դիմացկունության որակներով: Պետք է գնահատել, որ ընդամենը երկու օր առաջ է նույն Արտաշատում ավարտվել Հայաստանի առաջնությունը: Սա նկատի ունենալով չպիտի դժգոհել, որ գյումրեցի Երվանդ Մկրտչյանը 1500 մետրը վազեց 3.48, 8 ժամանակում: Երևանցի Արտակ Համբարձումյանը հեռացատկեց 7մ. 37 սմ, իսկ կապանցիներ Լևոն Աղասյանը և Մարիետա Մինասյանը եռացատկեցին համապատասխանաբար 16մ. 45 սմ և 12 մ. 87 սմ: Ի դեպ, Մարիետային ընդամենր երեք սանտիմետր չբավարարեց, որ նա լրացներ օգոստոսի 17 – 20 –ը Նայրոբիում անցկացվելիք աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության չափանիշը: Բայց Մարիետան օժտված է կամային բարձր հատկանիշով և հնարավոր է, որ մինչ նշած ստուգատեսը կայանալիք մրցումներում նպատակը իրագործի:
Առաջիկա ծրագրերի մասին մասնագետն հավելեց, որ Սան Մարինոյում հունիսի 5 –ին տասը փոքր երկրների պատվիրակների մասնակցությամբ Եվրոպայի առաջնությունում հանդես կգան նաև մեր աթլետները: Հայտնի է, որ ծրագրում ընդգրկված է 11 մրցաձև:
Հաջորդ ստուգատեսը կլինի Նիկոսիայում հունիսի 19 –ին մեկնարկելիք Եվրոպայի թիմային առաջնությունը: