Գեղարքունիքում և Սյունիքում ադրբեջանական զինծառայողները զենքով սպառնացել են հովիվներին գերեվարել կամ սպանել. ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները Գեղարքունիքում և Սյունիքում հաստատել են, որ մայիսի 12-ին ու 13-ին ադրբեջանական զինված ծառայողները, անօրինական գտնվելով ՀՀ ինքնիշխան տարածքում, զենքով սպառնացել են հովիվների` ՀՀ սահմանային բնակիչներին: Այս մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմը:
Մանրամասներ`
Մասնավորապես, Սյունիքում` ՀՀ Սև լճի տարածքից դեպի Գորիս համայնքի Վերիշեն գյուղն ընկած հատվածում մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինված ծառայողները մոտեցել են կենդանիներ արածեցնող գյուղի հովիվին, սպառնացել են և զենքի ցուցադրումով պահանջել լքել իր անասնագոմն (մակատեղի) ու արոտավայրը:
Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները ցույց են տվել, որ Վերիշենի հովիվի մակատեղին գտնվում է Ակներ, Վերիշեն ու մի շարք այլ գյուղերի բնակիչների կողմից մշտապես օգտագործվող արոտավայրի տարածքում՝ Սև լճից դեպի Վերիշեն քաղաքացիական բնակավայրն ընկած խորության վրա, իսկ Սև լիճն ինքնին գտնվում է ՀՀ տարածքում:
Գեղարքունիքում` ՀՀ Վարդենիս համայնքի Վերին Շորժա գյուղին հարակից արոտավայրերում` սարատեղիների (անասնագոմեր) տարածքներում ադրբեջանական զինված շուրջ 10 ծառայող մայիսի 12-ին մոտեցել են Վերին Շորժա գյուղի հովիվին ու սպառնացել զենքի ցուցադրումով` նրա հետ խոսելով նաև հայերեն:
Նույնը օրը, երբ թվով 6 հովիվ Վարդենիսից ու Այրք գյուղից իրենց խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներն են արածեցրել ՀՀ տարածքում գտնվող նույն արետավայրին հարակից ջրային ավազանի շրջակայքում, իրենց են մոտեցել են քանի տասնյակ ադրբեջանական զինված ծառայողներ, սպառնացել են զենքի ցուցադրումով և հեռանալու համար տվել են 5 րոպե ժամանակ, հակառակ դեպքում սպառնացել են գերեվարել:
Մայիսի 13-ին նույն կերպ զենքով շուրջ 50 ադրբեջանական ծառայող սպառնացել են Վերին Շորժա գյուղի հովիվին ու պահանջել հեռանալ`հակառակ դեպքում սպառնալով սպանել կամ գերեվարել:
Նշվածից բացի, մայիսի 12-ին Գեղամասար Կութ գյուղի հովիվը գնացել է գյուղին հարակից իր սարատեղիում գտնվող անասնագոմ և հայտնաբերել է ադրբեջանական զինված ծառայողների` շուրջ 50 հոգի:
Մարդու իրավունքների պաշտպանի այցի ընթացքում պարզվել է, որ արոտավայրերը մարդկանց վարձակալության իրավունքով տրամադրվում են տեղական մարմինների փաստաթղթերով: Այսինքն` խոսքը օրինական հիմքով իրավունքներից ապօրինի զրկելու մասին է:
Հովիվների պնդմամբ` իրենք այլևս հնարավորություն չունեն օգտվել արոտավայրերից: Ավելին, Կութ գյուղում, օրինակ, բնակիչները նշել են, որ կենդանիներին ստիպված են այլևս չուղարկել սարատեղիներ:
Հարցն այն է, որ ադրբեջանական զինվորականները ֆիզիկապես են ներկա մարդկանց օրինական իրավունքներով պատկանող արոտավայրերում, իսկ մի մասի դեպքում էլ` անհնար օգտագործել դրանք` ադրբեջանական նշանառության տակ հայտնվելու պատճառով:
Ընդ որում, հովիվները տեղեկացրել են, որ իրենք նույնիսկ չեն կարողանում մոտենալ արոտավայրերին, քանի որ նման փորձի դեպքում ադրբեջանական զինվորականները հրազենից կրակ են արձակում: Խոսքը նաև վերաբերում է խոտհարքներին:
Հովիվների նշած այս հանգամանքները հաստատվել են Մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած այլ ապացույցներով ևս` արոտավայրերի օգտագործման փաստաթղթերով, տեղի ուսումնասիրություններով, համապատասխան լուսանկարներով և այլն:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2021թ. մայիսի 12-ի և 13-ի փաստահավաք աշխատանքները ապացուցում են, որ ադրբեջանական զինվորականները, լինելով զինված, սահմանային բնակիչների նկատմամբ կատարել են հանցավոր արարքներ` նրանց սպառնացել սպանել կամ գերեվարել անզեն քաղաքացիական անձանց, ապօրինաբար պահանջել են լքել արոտավայրերն ու հովիվների սարատեղիների անասնագոմերը, որոնք նրանց են պատկանում ՀՀ իրավասու մարմինների հատկացրած օրինական փաստաթղթերով:
Ադրբեջանական զինված ծառայողները խախտել են ՀՀ սահմանային բնակիչների միջազգայնորեն ճանաչված և ՀՀ սահմանադրությամբ ամրագրված իրավունքները` կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության և այլ կենսական իրավունքներ: Ընդ որում, նրանք քաղաքացիական անձանց հետ շփվելիս եղել են դիմակներով:
Ակնհայտ է, որ նման անօրինական արարքներից ՀՀ սահմանային բնակիչներին պաշտպանելու համար Ադբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով Գեղարքունիքի և Սյունիքի շուրջ պետք է ստեղծվի անվտանգության գոտի:
Հարցն այն է, որ այս արարքները եզակի չեն: Մարդու իրավունքների պաշտպանի վերջին ամիսների փաստահավաք աշխատանքները արձանագրել են ՀՀ սահմանային բնակիչ հովիվների իրավունքներն ադրբեջանական զինվորականների կողմից խախտելու այլ դեպքեր ևս: