Երևանի հեծանվահրապարակում անցկացվեց Հայաստանի առաջնությունը
Երևանի հեծանվահրապարակում անցկացվեց Հայաստանի առաջնությունը: Մասնակցեցին տարբեր տարիքի 59 մարզիկներ:
Հավաքականի գլխավոր մարզիչ, վաստակավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը զրույցի ժամանակ ասաց, որ մասնակիցների ընդհանուր պատրաստականությունը դժգոհելու տեղիք չտվեց: Այդուհանդերձ, ընդգծվեցին առաջատարները, իսկ պատանիների մրցաշարում ի հայտ եկան օժտված, հեռանկարային հեծանվորդներ:
Ծրագրում ընդգրկված էր հինգ մրցաձև. չորս կմ հետապնդում, մեկ կմ տեղից արագավազք / գիտ / , դուրս գալով խմբային վազք, սկրեչ՝ խմբային վազք մեկ վերջնարկով և խմբային վազք ՝ միավորներով:
Առաջատարների միջև լարված պայքար ընթացավ: Տարբեր մրցաձևերում հաջողությունները փոփոխակի էին,իսկ տակտիկական առումով հետաքրքիր դրվագներ եղան:
Կարելի է առանձնացնել Դավիթ Մկրտչյանին, Տարոն Նիկողոսյանին, Ավետ Դավթյանին, երիտասարդներ Վահե Վիրաբյանին, Խաչիկ Շարյանին, Ալեքս Արամայիսյանին, Ռուբեն Ավետիսյանին, Վազգեն Ոսկանյանին, պատանիներ Արթուր Վալերջյանին,Նարեկ Դավթյանին, Վաչագան Գոլեցյանին,աղջիկներից ՝ Սվետլանա Մկրտչյանին, Սաթենիկ Ղազարյանին . . .
Մեծահասակների հավաքականը կկազմավորվի ամռանը նախատեսված խճուղային հեծանվավաքի առաջնությունից հետո:
Առաջիկայում լուրջ ստուգատեսների պետք է մասնակցի երիտասարդական թիմը: Ավագ մարզիչ Անդրանիկ Առուստամյանի և մարզիչ Սամվել Վարդազարյանի գլխավորությամբ հավաքականը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի մայիսի 25 –ին սկսվող միջազգային խոշոր մրցաշարին: Այնուհետև թիմը կնախապատրաստվի Հոլանդիայի Ապելդորն քաղաքում օգոստոսին կայանալիք Եվրոպայի և սեպտեմբերին ՝ Եգիպտոսում նշանակված աշխարհի առաջնություններին: