211652_close_icon
views-count8822 դիտում article-date 22:33 16-05-2021

Ձեզ եմ ներկայացնում փոքրիկ պատմվածքս, որը գրել եմ վերջերս. Մարտուն Սիմոնյան

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության հեռուստառադիոթողարկումների բաժնի պետի տեղակալ Մարտուն Սիմոնյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ձեզ եմ ներկայացնում փոքրիկ պատմվածքս, որը գրել եմ վերջերս՝ ընկերոջս հետ Հոբարձի գյուղ գնալուց և նրա լուսավոր, տառապած, բայց չչարացած բարեկամներից մեկի՝ Օֆիկ տատի հետ ծանոթանալուց հետո։

"Նստած է Օֆիկ տատն իր պես մեծացած ու դատարկված տան առաջ, որտեղ հարս է եկել։ Ժամանակը նրանց տվել է ու տվածից նաև խլել․ որդուն, թոռանը, ամուսնուն, ծնողներին ու քույրերին հիշելիս ձայնը խեղճանում է, աչքերը՝ թացանում։ Ժամանակը փոքրացրել է խոնարհ աչքերը, սիրտը դարձրել պարարտ հողի պես փխրուն։ Այտերի կնճիռներն իր բացած մարգերի պես են՝ երկար ու համաչափ։

Ձեռքերը տղամարդու են՝ խոշոր մատներով ու բահից կոշտացած ափերով․ բարևողն ուժ ու ջերմություն է զգում։ Այգում անհոգ խաղացող ծոռան տարիքի էր, երբ դպրոցում հագնելու յուբկա չուներ, ամուսնուն ֆաշիզմի դեմ կռվելու ճամփած մայրն էլ՝ գնելու հնար։ Հոգատար միտքը ելքը գտել էր։ Կոլխոզից վերադարձել էր դատարկ պարկով, որը կտրել, յուբկի պես ձևել ու ներկել էր։

Հաջորդ օրն Օֆիկ տատը տետրակների հետ տնից դպրոց էր տարել ամոթխած ժպիտն ու ընկերուհուն ոգևորված պատմել իր կյանքի նորության՝ պարկե յուբկայի մասին։ Սիրանն ու ինքը քույրերի պես էին։ Այդ օրը տուն էր հասել կոտրված սրտով։ Գյուղսովետի դիմաց մարդկանց հերթ էր տեսել ու կանգնել։ Ալյուրի հերթը հասել էր, բայց ալյուր՝ ոչ։ Ասել էին, որ պատերազմում վիրավորվածների ընտանիքներին են միայն տալիս։ Սիրտը լցվել էր ու պայթել։

Գյուղի տղերքից Խաչոն մոտեցել էր և ուժ տվող խոսքեր ասել։ Այդ օրն էլի Օֆիկ տատը, քույրերն ու մայրն անկողին էին մտել կոմբիկերով լցված փորով ու հյուծված հույսով, որ պատերազմը շուտով կավարտվի, հայրը կվերադառնա ու կհաղթի նաև սովին, ցրտին ու անգույն օրերին։ Նախ քույրերն, ապա մայրն այդ հույսն իրենց հետ երկինք տարան։ Ինքն էլ դադարեց սպասել հորը․ հույսը գյուղի առվի պես տարեց տարի նեղացավ ու ցամքեց։ Հետո նոր կորուստներ եղան․․․

Լայնացել է Օֆիկ տատի հիշողության գետը․ վարար ջուրն ամեն օր ներկայի ափ է հանում անցյալից քշված հին իրեր։ Օֆիկ տատն առնում է ծեր մարմինը, միտքն ու բահը և այգի մտնում՝ հիշողության գետի աղմուկից փախչելու։ Այսօր էլ կմտներ, բայց գյուղում երկու թաղում կար․ Սիրանն ու Խաչոն ժամեր անց պիտի ծածկվեն այն հողով, որը փոքրուց հերկել են, բարիք ստացել ու ապրել"։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր