211652_close_icon
views-count3934 դիտում article-date 09:29 15-05-2021

ԱՄՆ-ը ակնկալում է, որ Ադրբեջանն անհապաղ կերպով դուրս կբերի իր ուժերը սահմանային գոտուց․ «Ամերիկայի ձայն»

Քանի դեռ, Սյունիքի դեպքերի հետ կապված, շարունակվում է լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին ու երկու երկրների միջեւ, աշխարհի մի շարք երկրների առաջնորդներ ու պաշտոնատար անձինք հանդես են գալիս իրադրությունը մեղմելու հորդորներով: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կողմից ուրբաթ օրը հրապարակված հայտարարության մեջ ասված է. «Միացյալ Նահանգները մոտից հետեւում է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առկա իրադրությունը, եւ ակնկալում, որ Ադրբեջանն անհապաղ կերպով դուրս կբերի իր ուժերը»:

Ավելի վաղ թվիթերյան գրառմամբ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն է ասել. «Մենք հետևում ենք հայ-ադրբեջանական սահմանի ոչ սահմանազատված հատվածում լարվածության աճի մասին զեկույցներին: Հասկանում ենք, որ կողմերի միջև բանակցություններն ընթացքի մեջ են և հորդորում ենք զսպվածություն ցուցաբերել իրավիճակը խաղաղ ճանապարհով լուծելու համար»:

Կոնգրեսական Ադամ Շիֆի գրառման համաձայն, «Սա ևս մեկ վտանգավոր և սադրիչ գործողություն է, որը կարող է հանգեցնել կյանքերի հետագա կորստի: Միացյալ Նահանգների համար ժամանակն է հասկանալ, որ մեր քաղաքականությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին քաջալերում է լարել ռազմական իրավիճակը` մեծացնելով նոր պատերազմի հավանականությունը»:

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմին Շիֆը հորդորում է առավել լայնորեն ներգրավվել Մինսկի խմբի ձևաչափում, «ինչն այժմ ավելի քան երբևէ կարևոր է»:

«Մենք չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրենք մի պետության, որը պարբերաբար իրականացնում է մարդու իրավունքների խախտումներ և ոտնահարում իր հարևանների ինքնիշխանությունը»,- նշել է կոնգրեսական Շիֆը:

ՀՀ սահմանի դեմ Ադրբեջանի գործողություններին է անդրադարձել նաև Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնը` կոչ անելով ԱՄՆ-ին օգտագործել իր ազդեցությունն այս հարցում:

Թվիթերի իր էջում Փալոնը գրել է. «ԱՄՆ-ն պետք է միանշանակ դատապարտի այս հարձակումը և դաշնակիցների հետ իր ազդեցությունն օգտագործի` Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերի դուրսբերման համար»:

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը նույնպես հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Հայաստանի Սյունիքի մարզ ներխուժման հաղորդագրությունների կապակցությամբ և Բայդենի վարչակազմին կոչ արել ամենաբարձր մակարդակով զբաղվել այս հարցով:

«Ադրբեջանական բանակային ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի խախտումը վտանգավոր և անօրինական ագրեսիայի դրսևորում է, որն ընդգծում է մշտական այն պառնալիքը, որին հայ ժողովուրդը շարունակում է առերեսվել: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի հետ զրույցից հետո պարզ դարձավ, որ ԱՄՆ-ը և միջազգային հանրությունը պետք է շատ խիստ արձագանքեն այս ներխուժմանը, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ իր չարամիտ գործողությունները լուրջ հետևանքներ կունենան: Երբ անցած տարի Ադրբեջանը հարձակում գործեց ընդդեմ հայ ժողովրդի, ԱՄՆ-ի նախկին վարչակազմը չկարողացավ միջամտել և բաց թողեց դռները, որպեսզի բռնապետներ Ալիևը, Էրդողանն ու Պուտինը որոշեն հայ ժողովրդի ճակատագիրը»,- գրել է Մենենդսեը:

Կոնգրեսական Դեյվիդ Գ. Վալադաոն գլխավորում է Հայկական Ադրբեջանին հատկացվող ամերիկյան ռազմական օգնությունը սառեցնելու Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի ջանքերը:

Կոնգրեսականը օրենսդիր իր գործընկերներին է հղել մի հուշագիր, կոչ անելով, որ նրանք ջանք չխնայեն, որպեսզի Միացյալ Նահանգները սառեցնի Ադրբեջանին ռազմական աջակցությունն ու արգելափակի հետագա ցանկացած օժանդակություն, ինչն ուղղակի կամ անուղղակի կերպով նպաստում է Ադրբեջանի ռազմական գործողությունների իրականացմանը: Մի շարք կոնգրեսականների հետ Վալադաոն այս հարցով նամակ է հղել երկրի պետքարտուղար Էնթոնի Բլինքենին:

ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության խոսնակներից Ջալին Փորթերն էլ ասել է, թե Միացյալ Նահանգները մոտից է հետեւում հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին: «Վիճահարույց» տարածքներում իրականացվող շարժն անպատասխանատու քայլ է եւ անհարկի «սադրանք», ասել է նա լրագրողներին ու ավելացրել, որ սահմանազատման հետ կապված հարցերը պետք է լուծվեն բանակցությունների ու քննարկումների եղանակով:

Նրա խոսքերով, Վաշինգտոնն ակնկալում է, որ Ադրբեջանը «վերջ կտա սադրիչ գործողություններին»:

Նմանատիպ նյութեր