Սյունիքի դատարանը սիրիացի 2 վարձկաններին ցմահ ազատազրկման դատապարտեց
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն Արցախի դեմ ռազմական գործողություններին ներգրավված վարձկան 2 ահաբեկիչներին դատապարտեց ցմահ ազատազրկման։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց դատական նիստը նախագահող դատավոր Նապոլեոն Օհանյանի օգնական Երվանդ Ղոնյանը։
«Դատարանն այսօր կայացրեց իր վճիռը, և նրանք ցմահ ազատազրկման դատապարտվեցին»,–ասաց Ղոնյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում մեկնարկել էր Սիրիայի քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիի ու Յուսեֆ Ալաբեդ ալ-Հաջիի նկատմամբ հարուցված քրեական գործով առաջին դատական նիստը:
Սիրիայի քաղաքացիները մեղադրվում են Արցախի դեմ ռազմական գործողություններում որպես վարձկան-ահաբեկիչներ ներգրավվելու համար: