211652_close_icon
views-count5633 դիտում article-date 17:20 03-05-2021

Պտղատու այգի նվիրվեց Շիրակի մարզի Մեղրաշեն շեն համայնքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Շիրակի մարզի Մեղրաշեն համայնքում ակտիվ եռուզեռ է. Մեծ ու փոքրով, դույլ ու բահով շտապում են դպրոցամերձ տարածք՝ իրենց բաժին ծառը տնկելու:

Ինտենսիվ պտղատու այգու հիմնման հեղինակն ու ֆինանսավորողը ՄԱԿ- Պարենի համաշխարհային ծրագիրն է ՝ համագործակցությամբ   Շիրակի ֆերմերներ հասարակական կազմակերպության:

 Հոռոմ և Ջրափի համայնքներին այգիներ նվիրելուց հետո կազմակերպությունների հաջորդ կանգառը Մեղրաշենն է: 2000 քառակուսի մետր տարածքի վրա այգի հիմնելու համար տրամադրվել է մոտ 1700 մոշի և մալինայի, ինչպես նաև իտալական բարձր բերքատվության, կլիմայական պայմաններին համապատասխանեցված 55 խնձորի և սև սալորի տնկիներ:

Ներկրված հումուսի, ժամանակակից ու որակյալ բուժանյութերի բավարար քանակությունը ևս ապահովված է այգու հիմնադիրների կողմից, բացի այդ  կառուցվել է  կարկտապաշտպան  ցանց,  անցկացվել  կաթիլային  ոռոգման  համակարգ, շինարարական ու հողային աշխատանքներն էլ  կատարվել են ժամանակին ու տեղին:

«Շիրակի ֆերմերներ» հասարակական կազմակերպության նախագահ և Մեղրաշենի համայնքապետ Հունան Պետրոսյանը վստահ է, որ այգին բացի գեղագիտական և դաստիարակչական գործառույթ իրականացնելուց, նաև շատ եկամտաբեր է, ստացած բերքի մի մասով կապահովեն  դպրոցի երեխաների էկոլոգիապես մաքուր սնունդը, ավելացած բերքն էլ կվաճառեն ու կհոգան դպրոցի ծախսերը: Այսքանով սակայն եկամուտը չի սահմանափակվի, մոշի և մալինայի տնկիները նույնպես կվաճառվի և ամենամյա եկամուտ կապահովի մեղրաշենցիների համար:

 «Մինչև հոկտեմբեր այգին կմշակեն մասնագետները, այդ ընթացքում դպրոցում կանցկացվեն մասնագիտական դասընթացներ՝ այգու խնամքի,պահպանման մասին  գիտելիքներով զինելով հանրույթին, ինչից հետո միայն այն կհանձնվի դպրոցին: Կտրամադրվի նաև սառցարաններ, բերքը սառեցնելու և ամբողջ ձմռան ընթացքում թարմ հատապտուղ ունենալու համար, ինչպես նաև գյուղտեխնիկա՝ այգու նպատակային խնամքն իրականացնելու համար: Շատ ոգևորված են թե աշակերտները, թե մանկավարժները,ինչից մեր վստահությունն ավելանում է, որ այգին ապահով ձեռքերում կլինի»,-նշում Հունան Պետրոսյանը:

Մեղրաշենի դպրոցի տնօրեն Գյուլնարա Պետրոսյանը ուրախությամբ տեղեկացրեց, որ հիմնվող այգին ևս մեկ քայլ առաջ կտանի դպրոցը, և , որ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը առաջին անգամը չէ, որ աջակցում է իրենց:  2 տարի առաջ նույն կազմակերպության և ՔՈԱՖ-ի միջոցներով վերանորոգվել և կահավորվել է դպրոցի խոհանոցն ու ճաշասրահը, տեղադրվել են լվացարաններ, ձեռք բերվել խոհանոցային կենցաղային էլեկտրոտեխնիկա: Ցավոք,  այժմ համավարակով պայմանավորված ճաշարանը չի գործում,բայց լիահույս են, որ շատ մոտ ապագայում երեխաները վերանորոգված  սրահում կհամտեսեն այգու բարիքներից՝ մոշ ու մալինայից պատրաստված անուշահամ մուրաբաներն ու կամպոտները:

Դպրոցի արտաքին տեսքը, խաղահրապարակներն ու այգին նույնպես խնամված ու վերանորոգված են, շուտով շահագործման կհանձնվի Շեն բարեգործական կազմակերպության և համայնքապետարանի միջոցներով կառուցված  սպորտային դահլիճը: Նոր հիմնվող այգու եկամուտով էլ նախատեսում են վերանորոգված դահլիճի համար նոր նստարաններ գնել, ինչից հետո կսկսեն թարմացնել դպրոցի առկա գույքը:

«Այսօր ուրախությամբ նկատեցի, որ 12-րդ դասարանցիները մեծ ոգևորությամբ մասնակցում են ծառատունկին, նրանք նշեցին, որ չնայած իրենք չեն հասցնի աշակերտի կարգավիճակում օգտվել  բերքից, բայց այստեղ են իրենց փոքր քույրեը, եղբայրները. Ծառատունկն օգնում է, որ կրտսեր սերունդը  հանրային սեփականությանը վերաբերվի  սրտացավորեն՝ դրսևորելով առավելագույն հոգատարություն»,- ասում է Գյուլնարա Պետրոսյանը:

Ծառատունկի վերջին հասցեն արդեն Գյումրի քաղաքում է, հաջորդ նվիրվող այգին բաժին կհասնի Գյումրու թիվ 11 դպրոցին:

Աննման Մինասյան
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր