Մեր կյանքն իսկապես դժոխքի վերածվեց. «թավշյա հեղափոխությանը» վստահած ընտանիքի պատմությունը. Armeniasputnik.am
«Թավշյա հեղափոխությունը» որոշ հայ ընտանիքների Հայաստան վերադարձրեց։ Նրանք ավելի լավ Հայաստանում ապրելու հույս ունեին։ Հեղափոխությունից 3 տարի անց հայրենիք եկած ընտանիքներից մեկն անելանելի վիճակում է։ Նրանց համար պետությունից միայն օդում կախված խոստումներն են մնացել։
2018 թվականը Լիանա Գևորգյանի ու նրա ընտանիքի համար ճակատագրական եղավ։ Նրա ամուսինը` Արտակը, տեսնելով «թավշյա հեղափոխության» ժամանակ հայ ժողովրդի ցնծությունը, ոգևորվելով իշխանափոխությունից, ընտանիքին սկզբում մեկ շաբաթով Մոսկվայից Հայաստան բերեց։ Մեկ շաբաթ անց նա հայտարարեց, որ մնում են հայրենիքում, հայտնում է Armeniasputnik.am-ը:
Կինը հիշում է, թե ամուսինն ինչքան ոգևորված էր «թավշյա հեղափոխությունից», ոնց էր հավատում, ասում էր` պետք է երկիրը շենացնենք, ի վերջո Հայաստանը հայերի համար է, ու պետք է այնտեղ ապրել։
Լիանայի համար Հայաստանում նոր կյանք սկսելը դժվար էր, քանի որ նրա ողջ մանկությունն ու երիտասարդությունն անցել էր Մոսկվայում։
Տարիներ առաջ էր հանդիպել Արտակին, որն արտագնա աշխատանքի էր մեկնել Մոսկվա։ Նրանք ընտանիք են կազմել ու 3 երեխա ունեցել. զավակներն այժմ 8, 5 և 4 տարեկան են։
Ամուսնությունից հետո այնտեղ վարձով են ապրել, ամեն ինչ նորմալ էր, քանի որ ամուսինը մթերային խանութ էր բացել, իսկ ինքն աշխատում է թատրոնների հետ` միջոցառումներ էր կազմակերպում։
«Ինձ համար շատ բարդ էր Արտակի` Հայաստանի վերադարձի որոշման հետ համակերպվելը, որովհետև հարազատներս, ընկերներս այնտեղ էին, այստեղ ոչ ոք չունեի։ Մի քանի օր հետո ամուսինս գնաց Մոսկվա, էնտեղ մեր բնակարանն ու խանութը հանձնեց ու վերադարձավ»,–պատմում է կինը։
Հայաստան գալուց հետո Արտակը երկար ժամանակ աշխատանք է փնտրել, բայց ապարդյուն։ Հետո որոշել է «Մոգո» վարկային կազմակերպությունից ավտոմեքենա վերցնել ու տաքսի քշել։
Լիանան, չնայած երկու բարձրագույն կրթությանը, ևս աշխատանք չի կարողացել գտնել, ասում է` ամեն հնարավոր տեղ ինքնակենսագրականը թողել է, խոստացել են զանգել, սակայն, իմանալով, որ մանկահասակ երեխաներ ունի, չեն կանչել։
«Ամուսինս նոր էր հունի մեջ ընկել, արդեն կարողանում էր գումար վաստակել, երբ կորոնավիրուսի համավարակը սկսվեց։ Մարդիկ փակվեցին տանը, ոչ ոք տաքսի չէր նստում, շատ դժվար էր մեզ համար։ Հայաստանում միակ առավելությունն այն էր, որ վարձով չէինք բնակվում, ամուսնուս հայրական տունն այստեղ է` Հրազդանում։ Այդ ընթացքում մեզ մեր ընկերներն ու բարեկամներն էին գումարով օգնում, որ երեխաներս քաղցած չմնային»,–պատմում է Լիանան։
Ընտանիքի վիճակն ավելի է բարդանում, երբ սկսվում է Արցախյան վերջին պատերազմը։ Տան միակ աշխատողին, երեք անչափահաս երեխաների հորը պատերազմ են տանում։
«Արտակին հենց սեպտեմբերի 27–ին, վայենկոմատից զանգեցին կանչեցին։ Ամուսինս ժամկետային ծառայության ժամանակ գնդացրորդ է եղել։ Բացատրեց, որ երեք անչափահաս երեխա ունի և տան միակ աշխատողն է, միևնույնն է, ասեցին` պետք է գնա։ Արտակին տարան Քարվաճառ։ Ու այդ ժամանակ իմ կյանքն իսկապես դժոխքի վերածվեց։ Տանն ուտելու ոչինչ չունեինք, գումար չկար, մեզ պետական ոչ մի կառույցից չեն օգնել»,– պատմում է կինը։
Լիանայի ամուսինը պատերազմի ողջ ընթացքում եղել է Քարվաճառում, իսկ եռակողմ հայտարարության ընդունումից 2 շաբաթ անց եկել տուն` հոգեբանական ծանր վիճակում։Մանրամասները՝ Armeniasputnik.am-ում