211652_close_icon
views-count162447 դիտում article-date 23:10 01-05-2021

Սպանություն Վայոց ձորի մարզում. Եղեգնաձորում հայտնի գինու գործարանի տարածքում հնչել են կրակոցներ. գործարանատիրոջ 29-ամյա թոռը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 1-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:
 
Ժամը 21:40-ի սահմաններում, «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Գևորգ Ազիզյանը, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը:
 
Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Մեսրոպ Նիկողոսյանի գլխավորությամբ:
 
Հիվանդանոց տեղափոխված վիրավորը որոշ ժամանակ անց՝ գիտակցության չգալով, մահացել է:
 
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի «Գետնատուն» գինեգործարանի տարածքից:
 
Այս պահին նշված վայրում ուժեղացված ծառայություն են կատարում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ:
 
Նույն վաշտի տեսուչներ Հայկ Մարտիրոսյանն ու Իսրայել Մարտիրոսյանը դեպքի վայրի հարևանությամբ գտնվող փողոցում հայտնաբերել են Toyota Camry մակնիշի 092 QQ 02 համարանիշի ավտոմեքենան, որով՝ ըստ նախնական տեղեկությունների, սպանություն կատարողը ժամանել է նշված գինեգործարան և իր մոտ եղած որսորդական երկփողանի հրացանով կրակոց է արձակել 29-ամյա Վահե Մկրտչյանի ուղղությամբ: Որոշ ժամանակ անց նա ինքնակամ ներկայացել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին:
 
Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Մ. Նիկողոսյանի և հատկապես կարոևոր գործերով ավագ քննիչ Գ.Վիրաբյանի գլխավորությամբ:
 
Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 2 բջջային հեռախոս, արնանման հետքեր, ինչպես նաև հանցագործության գործիք հրացանը:
 
Փաստի առթիվ քննիչ Գ. Վիրաբյանի որոշմամբ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
 
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացի ասում էին, որ սպանվածը սպանության կասկածանքով ոստիկանություն ներկայացած Նաիրի Բաղդասարյանի քրոջ տղան էր, սպանվածը նաև գործարանի սեփականատիրոջ՝ Աղասի Բաղդասարյանի թոռն էր:
 
Դեպքի վայրում սպանվածի մոր ինքնազգացողությունը վատացավ, ինչի համար ոստիկանությունը ահազանգեց Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղից ժամանեց բժիշկների հերթապահ խումբը:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 117+
117+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր