211652_close_icon
views-count1492 դիտում article-date 11:26 01-05-2021

Մեր երկրի զարգացման օրակարգը պետք է ձևավորվի հենց մե՛ր կողմից ու իրականություն դառնա մե՛ր աշխատանքով. Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայիսի 1-ի առթիվ:

Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր Աշխատանքի օրն է, ևս մեկ հիշեցում, որ նույնիսկ և հատկապես ամենաբարդ ու ճակատագրական իրավիճակներում աշխատելն անհրաժեշտություն է՝ անձնական, ազգային, պետական անհրաժեշտություն:

Յուրաքանչյուրիս մեջ կա ներուժ՝ անելու ավելին, հասնելու ավելիին, արթնացնելու կամ վերագործարկելու մեր մեջ այդ թաքնված ընդունակությունը:

Ցանկացած մարդ, որն իր ընտանիքին, հայրենիքին, ժողովրդին ծառայելու ցանկություն ունի, պետք է կարողանա, հնարավորություն ունենա դա անել: Եվ դրա համար չպետք է խոչընդոտներ լինեն:

Մենք ունեցել ենք տաղանդավոր գիտնականների, հաջողակ ձեռներեցների, հայտնի քաղաքական գործիչների, շնորհալի նկարիչների, երաժիշտների ու գրողների, լավ արհեստավորների և հողագործների սերունդներ:

Լինենք ժառանգը մեր նախնիների տաղանդի, կարողությունների և հմտությունների, լինենք հայրենիք արարող հասարակություն, հայրենիքը շենացնող հասարակություն:

Մեր երկրի օրակարգը, առավել ևս՝ զարգացման օրակարգը պետք է ձևավորվի հենց մե՛ր կողմից ու իրականություն դառնա մե՛ր աշխատանքով՝ զինվորականի ու մանկավարժի աշխատանքով, բժշկի ու ծրագրավորողի աշխատանքով, գյուղացու և հնէաբանի աշխատանքով, հավաքարարի ու բանվորի աշխատանքով, դիվանագետի ու սահմանապահի աշխատանքով, պաշտոնյայի ու դերասանի, պետական ծառայողի ու արվեստագետի աշխատանքով:

Մեր առաջնահերթ խնդիրները պետք է լինեն երկրի մեջքը քաղաքականապես ու տնտեսապես, բարոյապես ու ֆիզիկապես ուղղելը, պատերազմի անմիջական հետևանքների վերացումը և կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարելը:

Միայն միասնական աշխատանքը կարող է դառնալ մեր հայրենիքի, այսօրվա վիճակից դուրս գալու, ստացած վերքերից վերականգնվելու փրկօղակը:

Մաղթում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը հավատա և աշխատի իր կարողությունների ու հնարավորությունների չափով՝ մոտեցնելու հաջողության ժամանակը: Հավատա և ստեղծի այդ ժամանակը, հավատա և կերտի այդ հաջողությունը:

 

Նմանատիպ նյութեր