211652_close_icon
views-count2381 դիտում article-date 23:18 23-04-2021

Թույլ չենք տա Հայոց ցեղասպանությունը մոռացության մատնվի. Զատուլին

Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հատուկ ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին:

«Այսօր մենք գլուխ ենք խոնարհում նախորդ դարասկզբին՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության կողմից սեփական հայ ազգաբնակչության դեմ իրականացված ցեղասպանության հիշատակի առաջ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  նշել է Զատուլինը: Նա հիշեցրել է, որ թուրքերը ոչնչացրեցին բանակում ծառայող հայ զինվորներին, մտավորականության ներկայացուցիչներին, հոգևորականներին ու գործարարներին:

«Հասարակ գյուղացիները, ովքեր դարերով ապրել են պատմական հայկական հողի վրա, գրեթե ամբողջությամբ ոչնչացվեցին և քշվեցին Թուրքիայի ներքին անապատային շրջաններ: Զոհվեց ավելի քան մեկ միլիոն մարդ, և զոհերը շատ ավելին կլինեին, եթե առանձին բնակավայրերում հայերը դիմադրության համար զենքը չառնեին իրենց ձեռքը, եթե Ռուսաստանը չընդուներ փախստականների և տեղահանվածների:

Այս հանցագործությունն իրականացվեց երիտթուրքերի ՝ այն ժամանակվա Օսմանյան կայսրության ղեկավարների կողմից: Ցավոք, ներկայիս Թուրքիայի իշխանությունները հերքում են ցեղասպանության փաստը, չեն զղջում՝ թեպետ մեծ թվով երկրներ հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը ճանաչել է որպես ժամանակակից պատմության առաջին զանգվածային ցեղասպանությունը»,- ասել է Զատուլինը: Նա հպարտությամբ է հիշել, որ իր առաջարկով 1995 թվականին Ռուսաստանի Պետդուման ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:

«Այսօր, Անդրկովկասում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, ես ևս մեկ անգամ բոլորին համերաշխության կոչ եմ անում՝ հասկանալու, որ ցավն ուրիշինը չի լինում: Առավել ևս, երբ խոսքը մեր հայրենակիցների՝ հայերի մասին է»,- հայտարարել է Զատուլինը՝ նշելով, որ իրենք երբեք թույլ չեն տա, որ Հայոց ցեղասպանությունը մոռացության մատնվի:

 

Նմանատիպ նյութեր