211652_close_icon
views-count41270 դիտում article-date 10:30 14-04-2021

Խոշոր ավտովթար Ուշիի ոլորաններում. լիմոնադով ու գարեջրով բարձված DAF բեռնատարը կոտրել է երկաթե արգելապատնեշներն ու գլխիվայր հայտնվել բնակչի հողամասում. փրկարարները մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենայի մեջ որոնում են վարորդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 09։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ Ուշիի ոլորաններում DAF մակնիշի բեռնատարը դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, այնուհետև բախվել մի քանի ծառերի, արմատախիլ արել և գլխիվայր հայտնվել բնակչի հողամասում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻն ՓԾ Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատարի տեղակալ Արտակ Շամիրյանի գլխավորությամբ։

Տեղում են նաև ոստիկանության Աշտարակի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբե Ներսիսյանի գլխավորությամբ։

Արդեն 40 րոպեից ավելի է, Աշտարակի հրշեջ-փրկարարները և Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբի ծառայողները որոնում են վարորդին և, ըստ նախնական տեղեկությունների, փրկարարներն արդեն մոտավոր հայտնաբերել են վարորդի դին, ու հիմա Աշտարակի ոստիկանապետի հանձնարարականով դեպքի վայր է բերվում հատուկ վերամբարձ կռունկ, որպեսզի ավտոմեքենան մի քիչ կարողանան բարձրացնել, որ փրկարարները դին դուրս բերեն տակից։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Ստեփան Սուքիասյանի և Հովսեփ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել «Նատախտարի» լիմոնադով և գարեջրով և այն ամբողջովին թափված է ողջ տարածքում, ավտոմեքենան էլ վերածվել է մետաղե ջարդոնի։

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ փրկարարները դուրս են բերել մահացածի դին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր