211652_close_icon
views-count2288 դիտում article-date 18:06 13-04-2021

1992-ին Շուշին այնքան հեշտ չազատագրվեց, որքան հեշտությամբ տվեցինք 2020-ին. Սենոր Հասրաթյան

2020թ. նոյեմբերին հնարավոր չէր Շուշին գրավել այնպես, ինչպես ազատագրվեց 1992-ի մայիսին, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաշտպանության բանակի նախկին խոսնակ, գնդապետ Սենոր Հասրաթյանը։

«Հարգելով և բավականին բարձր գնահատելով Արցախի պաշտպանության բանակի 1-ին հրամանատար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Սամվել Անդրանիկի Բաբայանի անուրանալի ծառայությունները Արցախի Հանրապետության պաշտպանության և նրա զինված ուժերի ստեղծման և կայացման հիրավի դժվարին գործում, այդուհանդերձ, հանուն արդարության պետք է հակադարձեմ հետևյալը.

2020թ. նոյեմբերին հնարավոր չէր Շուշին գրավել այնպես, ինչպես ազատագրվեց 1992-ի մայիսին, և դա մի պարզ պատճառով. որովհետև 2020թ. Շուշին պաշտպանված էր հյուսիսից, հարավից, արևելքից և արևմուտքից, իսկ 1992-ին՝ միայն Լաչինի միջանցքից... Ի դեպ, այն, ինչ 1992-ի մայիսին հաջողվեց կատարել Լաչինի միջանցքի ուղղությամբ Ձեր հրամանատարությամբ գործող ուժերին, ավելի մեծ հնարավորություն ունենալով՝ մեզ չհաջողվեց անել 2020-ի նոյեմբերին, այն է՝ փակել Մեծ Թաղեր-Զարդանաշեն- Ավետարանոց-Սխնախ-Քարին տակ-Շուշի բավականին երկար ու նեղ միջանցքը, մանավանդ, որ բերդաքաղաքը մյուս բոլոր ուղղություններից պաշտպանված էր... Չգիտեմ (չնայած, գրեթե, գիտեմ), թե այս ամենն ում «բացթողման« արդյունքն է, բայց, որ ինչպես Արցախյան առաջին պատերազմի, այնպես էլ Ապրիլյան քառօրյա առճակատման ընթացքում մենք ունեինք ավելի գրագետ ու հեռատես գործող ռազմաքաղաքական ղեկավարություն, քան այս դեպքում էր, գոնե, իմ կարծիքով, դա անվիճելի է...

Կներեք, ես սովորություն չունեմ նման ձևաչափով հակադարձել իմ հրամանատարներին, բայց այս անգամ, երկար մտորելուց հետո, ստիպված էի... Որովհետև 1992-ին Շուշին այնքան հեշտ չազատագրվեց, որքան հեշտությամբ տվեցինք 2020-ին...», - նշել է Հասրաթյանը։

Երեկ լրագրողների հետ զրույցում Սամվել Բաբայանն ասել էր, թե անձամբ ծրագրավորել է Ավետարանոց–Սղնախ գյուղի օպերացիան, որպեսզի հակառակորդը չկարողանա Շուշի մտնել, սակայն գիշերը զորամասերը հրաժարվել են մասնակցել, ինչի տեսագրությունն էլ կա։
«Երբ անկեղծանաք ու խոստովանեք, թե 1992-ին ո՞նց ենք ազատագրել Շուշին, այ նույն ձևով էլ հակառակորդը վերցրել է», - ասել էր Բաբայանը։

Նմանատիպ նյութեր