211652_close_icon
views-count1869 դիտում article-date 23:36 01-04-2021

Ո՛չ կորոնավիրուսի դեմ պայքարում, ո՛չ պատերազմում մեր բժիշկները չեն պարտվել, բայց ուժերն անհավասար են, նրանք կարող են ուժասպառ լինել. Արա Բաբլոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Ստեփանակերտի հանրապետական և մանկական հիվանդանոցները, ինչպես նաև վերականգնողական կենտրոնը հիմնականում վերսկսել են իրենց աշխատանքը, պետք է բարելավել բուժաշխատողների աշխատանքի պայմանները, շատ են կորուստները նաև բժշկական անձնակազմի շրջանում. ծրագիր կա սահմանելու ռոտացիայի կարգով Արցախ մեկնող բժիշկների ցանկ, բայց այնտեղ պետք են նաև մշտական հիմունքներով աշխատող տեղամասային բժիշկներ: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել Արցախից օրերս վերադարձած «Արաբկիր» բժշկական կենտրոնի գիտական ղեկավար, ՀՀ առողջապահության նախկին նախարար, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը:

«Մեր հիվանդանոցներն ստեղծված են խաղաղ պայմանների ծավալներին համապատասխան, պատերազմն ստիպեց, որ մենք ընդլայնենք մեր հնարավորությունները, բայց դա պետք է լինի ճիշտ հաշվարկված, մեր իրական պահանջներին համապատասխան։ Վերականգնողական ծառայությունների ընդլայնման և հզորացման գործընթացում շատ կարևոր է սփյուռքահայ բժշկական կառույցների և բժիշկների դերը։ Եթե «Հայրենիքի պաշտպանի» կենտրոնի օրինակով մարզային փոքր կենտրոններ լինեին, մարզաբնակ զինհաշմանդամները կարիք չէին ունենա ամեն անգամ Երևան հասնելու»,- ասել է նախկին նախարարը:                     

Ըստ Բաբլոյանի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումը պետք է լինի կամավոր, միաժամանակ այն չի կարելի թողնել միայն բնակչության գիտակցությանը. «Մենք հետ ենք ընկել, քանի որ ուշ ներմուծեցինք պատվաստանյութը, ներմուծվածն էլ շատ քիչ է։ Մեզ պետք է զանգվածային պատվաստում՝ առաջինը ռիսկի խմբերում, այլապես արդյունք չենք ունենա։ Պետք է արագացնել գործընթացը, դա հրամայական է՝ մարդկանց առողջությունն ապահովելու և հիվանդանոցները բեռնափաթելու նպատակով։

Ո՛չ կորոնավիրուսի դեմ պայքարում, ո՛չ պատերազմում մեր բժիշկները չեն պարտվել, բայց ուժերն անհավասար են, նրանք կարող են ուժասպառ լինել։ Անելիքները մեծ են կանխարգելիչ միջոցառումների ոլորտում։ Եթե մենք թուլացնում ենք կանխարգելումը, ունենում ենք այսօրվա պատկերը։ Միակ փրկությունը պատվաստումն է, մնացած բոլորը ժամանակավոր լուծումներ են»:

Բժշկագիտության դոկտորի պնդմամբ՝ պետությունն ուզում է հիվանդների և բժշկական ծառայությունների համար սահմանել ավելացված արժեքի հարկ, ինչն անընդունելի է: «Ծառայությունների ծավալի ընդամենը 15 տոկոսն է, որ պետությունն է վճարում, 85 տոկոսը հիվանդն է վճարում։ Դրա հետևանքով ավելանալու է այն մարդկանց թիվը, որոնք ծառայությունների վճարովի լինելու պատճառով դրանցից չէին կարող օգտվել, հետևաբար՝ աճելու է հիվանդացությունն ու մահացությունը։ Դրան ես ժամանակին դեմ եմ արտահայտվել դեռևս իմ՝ նախարար եղած ժամանակ։ Պետությունն իրավունք չունի խնդիրները լուծելու հիվանդի հաշվին, դա անընդունելի է»,- ամփոփել է Արա Բաբլոյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր