211652_close_icon
views-count45846 դիտում article-date 14:48 01-04-2021

Արտակարգ դեպք Երևանում. 44-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա հայտնվել բետոնե բաժանարար պատնեշի վրա. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 44-ամյա Արսեն Բոյաջյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ Կոմիտասի անվան զբոսայգու դիմաց, հետիոտնի համար նախատեսված անցման վայրում, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 27-ամյա Նարեկ Ավետիսյանին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ վրաերթից հետո BMW-ն բարձրացել է բաժանարար գոտու բետոնե պատնեշի վրա և մոտ 30 մետր «կասկադյորական դիրքով» առաջ է ընթացել և մնացել այդ վիճակում։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ  իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 2 հրշեջ փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Յուրա Եղիազարյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչներ Թագվոր Թագվորյանի և Կարեն Գևորգյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Ա. Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր