211652_close_icon
views-count124983 դիտում article-date 16:01 29-03-2021

Խոշոր ու ողբերգական ավտովթար Աբովյան քաղաքում. հակատուբերկուլոզային դիսպանսերի մոտ ճակատ-ճակատի բախվել են Toyota-ն ու Lada-ն. կա 1 զոհ, 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 14։45-ի սահմաններում Աբովյան քաղաքի Արզնիի խճուղում՝ Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսերի դիմաց, ճակատ-ճակատի բախվել են Toyota Camry և ВАЗ 21102մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Նրանց հիվանդանոց են տեղափոխել օպերատիվորեն վթարի վայր ժամանած Բյուրեղավանի  քաղաքային Անդրանիկ Պետրոսյանի  անվան պոլիկլինիկայի շտապ օգնության  ծառայության  բրիգադայի    շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը,  բժիշկ՝ Վախթանգ  Կափյանի, բուժքույր Աննա Գորոյանի գլխավորությամբ, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ  Հայկ Դավթյանի և վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Վահան Մանուկյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննրական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սոս Սեդրակյանի գլխավորությամբ։

Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննիչները, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը մահացել է։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Ս. Սեդրակյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 201+
201+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր